211652_close_icon
views-count4601 դիտում article-date 22:22 02-11-2020

Գնանք, նորից հաղթենք. զոհված պահեստազորային Մկրտիչ Ղարիբյանը նաև Ապրիլյան պատերազմի մասնակից էր

Կենսուրախ, բարեսիրտ, ընկերասեր, հայրենասեր, մեծ սրտի տեր մարդ։ Այսպիսինն էր հարազատների հիշողություններում Մկրտիչ Ղարիբյանը, ով հայրենիքի սահմանների պաշտպանության համար թշնամու դեմ մղվող պայքարում մեկ ամիս շարունակ ara5nag]wum կռվելուց հետո զոհվեց։ «Պատերազմի առաջին օրն էր, ընկերներով հավաքված էինք, Մկրտիչն ասաց՝ գնանք կամավորագրվենք՝ մեր երկիրը պաշտպանենք։ Նույն օրը՝ երեկոյան իրեն թուղթ եկավ, ու ինքը չհասցրեց որպես կամավոր գնա, այլ որպես պահեստազորային գնաց ու մեկ ամիս պայքարեց թշնամու դեմ։ Ասում էր, որ մենք չգնանք, ո՞վ պիտի գնա»,- [url=https://news.am/arm/news/611179.html?fbclid=IwAR0pPdSR7bmQZPoZyAKHwDrJk9MHBx-aI5YjaSBYYorgM1R3fzV1_tcs6oc]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց նրա մանկության ընկերը՝ Վազգեն Մկրտչյանը։ 28-ամյա Մկրտիչը Երևանից էր, զբաղվում էր հանդիսությունների կազմակերպմամբ, բ։ Երաժշտական գործիքներ՝ սինթեզատոր և դհոլ էր նվագում: Քույրը՝ Լուսինե Ղարիբյանը, մեզ հետ զրույցում պատմեց, որ իր և եղբոր տարիքային տարբերությունը 10 տարի է, եղբորը մեծացնելու ու դաստիարակելու հարցում իր ներդրումը շատ մեծ է եղել։ Մկրտիչն ու Լուսինեն շատ կապված էին իրար հետ։ «Ոնց որ սրտիցս պոկեն ու տանեն»,- արցունքն աչքերին նկատում է Լուսինեն։ Մկրտիչի անբաժանելի ընկերը 5-ամյա Գևորգն էր՝ Լուսինեի որդին։ «Ման է գալիս քեռուն, նկարներին է նայում, չի հավատում․․․։ Իրար հետ շատ կապված էին, Մկրտիչը որտեղ գնում, Գևորգին տանում էր իր հետ»,- ասաց քույրը։ «Երեխայի հետ երեխա, մեծի հետ մեծ։ Ես չեմ տեսել նման մարդու, իր տեսակն ուրիշ էր, բարի, ընկերասեր, հարգանք ու պատիվ ունեցող մարդ։ Եղբայրս ամեն ինչի մասին մտածում էր, ամեն մեկի հոգսի մեջ մտնող, հասնող, անգին մարդ էր, և ինքը գնաց էդ ճակատում հերոսաբար կռվեց»,- Մկրտիչի մասին պատմում է մյուս քույրը՝ Մարինեն։ Պատերազմի ընթացքում քույրերը եղբոր հետ կապ են ունեցել։ Մարինեն ասում է՝ ոչ մի բանից չէր դժգոհում, վստահ էր, որ հաղթանակած հետ է գալու։ «Ես իրեն տրտնջալիս չեմ լսել, ասում էր՝ ամեն ինչ լավ է, մենք հաղթելու ենք։ Մենք հարցնում էինք՝ սա վերջ ունի՞, գալո՞ւ ես, ինքն ասում էր՝ կվերջացնենք ու կգանք, տղերքի հետ եմ, մենք հայրենիքի համար ենք կռվում։ Հարցնում էինք՝ ինչի՞ կարիք ունեք, ասում էր՝ ամեն ինչ կա, նորմալ է, դուք հանգիստ եղեք, մենք կվերջացնենք ու կգանք։ Ես շնորհակալ եմ մորս, որ նման արծիվ ու հզոր որդու է ծնել ու դաստիարակել, հպարտ եմ, որ իր նման եղբայր ունեմ»,- ասաց քույրը՝ հավելելով, որ Մկրտիչը մասնակցել էր նաև ապրիլյան պատերազմին։ «Հենց իմացավ էս պատերազմի մասին, ասաց՝ պիտի գնանք նորից հաղթենք, որովհետև ինքը միշտ հաղթանակով հետ է եկել։ Դրա համար իր նպատակը հաղթելն էր»։ Մկրտիչը զոհվել է հոկտեմբերի 28-ին, թե ի՞նչ հանգամանքներում՝ դեռ հստակ չի։ Մանկության ընկերոջ՝ Վազգենի տեղեկություններով, Մկրտիչը բեկորային վնասվածքներ էր ստացել, որոնք անհամատեղելի էին կյանքի հետ։ Վերջին անգամ Մկրտիչի հետ նրա մահից մի քանի ժամ առաջ էր խոսել։ «Տրամադրությունը բարձր էր, ասում էր՝ ամեն ինչ լավ է լինելու, մենք հաղթելու ենք։ Վստահ եմ՝ ոնց ինքն է ասել՝ էդպես էլ լինելու է։ Մեր ընկերներից էլի տղերք կան Արցախում, վստահ եմ՝ մուռը հանելու են»,- նշեց Վազգենը։ Նրա հիշողություններում Մկրտիչը կմնա որպես հայրենասեր, շնորհալի ու շրջապատին նվիրված մարդ։ «Նա պատրաստակամ էր բոլորին օգնելու, նույնիսկ անծանոթ մեկը դիմեր իրեն, պատրաստ էր օգնել։ Եթե մեկն իրեն վատություն էր անում, չէր պատասխանում դրան։ Ասում էր՝ ես լավն անեմ, թող ինքն իրեն վատ զգա։ Ոսկի տղա էր»,- հավելեց Վազգենը։ 28-ամյա Մկրտիչ Ղարիբյանին երեկ՝ նոյեմբերի 1-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում զինվորական կարգով՝ Հայաստանի օրհներգի և պատվո համազարկի ներքո հողին են հանձնել։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր