211652_close_icon
views-count48660 դիտում article-date 10:04 31-10-2020

Լիպոն հրեշտակի նման հայտնվեց մեր կյանքում ու հրեշտակի պես էլ համբարձվեց երկինք, որ շարունակի երկնքից էլ մեզ պահապան ու զորավիգ լինել

Ջուլի Դաշտոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս լուսանկարների բարի աչքերով, լուսերես տղան եղբայրս է` Լիպոն... Լիպարիտ Դաշտոյանը: Նա մեր մյուս Հերոսների պես բռնեց Հավերժի ճամփան ու անմահացավ։ Լիպոն հրեշտակի նման հայտնվեց մեր կյանքում ու հրեշտակի պես էլ համբարձվեց երկինք, որ շարունակի երկնքից էլ մեզ պահապան ու զորավիգ լինել։ Եղբայրս կյանքով լի, պայքարող, համառ, կամային տղա էր։ Նա մեր տան փոքրն էր եւ միակ արու զավակը, մեր ազգանվան, մեր գերդաստանի շարունակողը... Լիպոն անսահման բարի տղա էր, կամեցող, բոլորին հասնող... Իր տարեկիցների նման ուներ բազում երազանքներ, նպատակներ, ծրագրեր, որոնք, ավաղ, կիսատ ու անկատար մնացին։ Իմ եւ եղբորս միջեւ 15 տարվա տարբերություն կա եւ կարելի է ասել, ինքն էլ իմ տղան էր, իմ մեծ տղան... Մանկուց լինելով չափազանց ճկուն, համառ, չարաճճի ու նպատակասլաց տղա, մենք նկատեցինք, որ Լիպոն ունի ֆուտբոլիստին բնորոշ բոլոր որակներն ու հատկանիշները։ Նա գիտեր պայքարել ու երբեք չհանձնվել։ Ինչպես ֆուտբոլի, այնպես էլ մարտի դաշտում Լիպոն մի վայրկյան չէր հապաղել, գլուխ չէր պահել, չէր վախեցել, չէր հանձնվել։ Իմ անձնազոհ, համարձակ ու անվախ եղբայրը մինչև վերջ թիկունքով պահել իր մարտական ընկերոջ կյանքը... Բառերն անզոր են նկարագրել ոչ միայն իմ ու իմ ընտանիքի ցավն ու կսկիծը, այլ նաև մեր բոլոր Հերոս տղանների կորստի ցավն ու մորմոքը... Ուղղակի չկան բառեր, դրանք արժեզրկվում ու անիմաստ են դառնում այն մեծ վշտի առաջ, որն այսօր իր մեջ կրում է յուրաքանչյուր հայ ընտանիք։ Սարսափելի դաժան բան է պատերազմը... Ավերիչ, կործանարար ու մահաբեր մի բան... Բայց այս չարիքին հաղթելու միակ ձևը ապրելն է։ Ապրել ամեն գնով, լինել ուժեղ, համախմբված, խիզախ ու անկոտրուն... ապրել հանուն լույս դարձած մեր հերոսների, հանուն նրանց թափված արյան, հանուն նրանց կիսատ թողած նպատակների ու երազանքների։ Այսօր, քան երբև ես գիտակցում եմ, որ իրավունք չունեմ թույլ լինելու, որ պետք է պայքարել մինչեւ վերջ, պայքարել անզիջում, անմնացորդ, ինչպես մեր տղաները, հայրերը, եղբայրներն ու ընկերները դա արեցին... Պայքարել ու հաղթել... Ես նկարչուհի եմ, արվեստագետ եւ հիմա նաև Հերոսի քույր... սա մի կոչում է, որը ոչ միայն պատվաբեր ու հուզիչ է, այլ նաև շատ պարտավորեցնող... Եղբայրս զոհվեց, բայց ողջ են ու շարունակում են կյանքի ու մահվան շեմին կռիվ տալ նրա մարտական ընկերները։ Նրանց կողքին լինելու, նրանց սատարելու ու աջակցելու համար ես այսօր որոշել եմ իրականացնել մի ծրագիր, որը մինչև պատերազմը միանգամայն այլ ձև ու նպատակ ուներ։ Այն ժամանակ ես օրնիբուն աշխատում էի` նախապատրաստվելով իմ անհատական ցուցահանդեսին, այսօր հասկանում եմ, որ տարիների ընթացքում ստեղծված իմ աշխատանքները պետք է այլ նպատակ ու հանգրվան ունենան։ Իմ արվեստի միջոցով պիտի փորձեմ աջակից դառնալ մեր քաջ զինվորներին։ Ես գիտեմ, որ այս կերպ նաև կշարունակեմ եղբորս կիսատ թողած պայքարը։ Այսօր զինվորը ունի մեր յուրաքանչյուրի օգնության կարիքը, մի անտեսեք այս նախագիծը, օգնեք ինձ կազմակեպել այս նկարների վաճառքը եւ դրանով սատար կանգնել մեր հայրենիքի հերոս պաշտպաններին, որոնց շնորհիվ մենք դեռ կանք ու ապրում ենք... Արվեստի այս օնլայն ցուցադրություն-վաճառքը նվիրում եմ եղբորս` Լիպարիտ Դաշտոյանի հիշատակին։ Նկարների վաճառքից ստացած ողջ գումարը եղբորս անունից կնվիրաբերվի իր զինակից ընկերներին»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր