211652_close_icon
views-count30973 դիտում article-date 22:32 13-10-2020

Կյանքով լցված ու կյանքին հավերժ սիրահարված Արտյոմ Սանոսյանը ծնվել էր՝ հայրենիքը կյանքի գնով պաշտպանելու առաքելությամբ . ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2020/10/13/sanosyan/3420052?fbclid=IwAR27SrcdLvrD6ZqkpNbn9m16ctToLuUlYHAzDKeyyB7NQqygDvWVJEqTZac]Tert.am[/url]-ը գրում է. 2001 թվականին ծնված Արտյոմ Սանոսյանը Արցախում հակառակորդի դեմ մարտեր մղելիս զոհված զինծառայողներից մեկն է: Կենսուրախ ու ժպտերես Արտյոմ Սանոսյանը բանակ է գնացել ծափ ու ծիծաղով: Հարազատները նշում են՝ հայրենիքին ծառայելը նրա համար ապրելակերպ էր՝ հստակ ու անքննելի: «Արտյոմիս շատ էին սիրում: Երբ արձակուրդ էր գալիս, հետ գնալիս ընկերները գալիս էին, ծափերով տղայիս ճանապարհում»,-պատմում է Արտյոմի տատը՝ Ռուզան Վարդանյանը: Արտյոմից վերջին հեռախոսազանգը սեպտեմբերի 30-ին է եղել: Տատն ասում է՝ Արտյոմը գնաց ու ամեն մեկի սրտից մի կտոր պոկեց, տարավ իր հետ: «Արտյոմը մեր լույսն էր, մեր ամեն ինչն էր: Ամեն զանգից ուրախանում էինք, աշխարհով մեկ էինք լինում: Հիմա չկա, հիմա իր նկարներով ու հիշողություններով պիտի ապրենք: Բայց նա մեզ հետ է ու վերևից տեսնում է, թե ոնց ենք ցավում իր համար»,- ասում է Արտյոմի տատը: Էդգար Խանոյանը՝ Արտյոմի մանկության ընկերը, ասում է՝ Արտյոմն անձնազոհ տղա էր. եթե կարիքը լինում էր, իրեն չէր խնայում: «Շատ անձնազոհ էր Արտյոմը: Եթե մեկին նվիրվում էր, դա լինում էր մինչև վերջին կաթիլը, մինչև վերջին շունչը: Տպավորություն է, որ հոգումս դատարկություն է: Կյանքիս ամենածանր հարվածն էր: Նույնն է, որ կորցնես մեջքդ, թևերդ» - ասում է Էդգարը: Ընկերները նշում են՝ հենց այդպես էլ նվիրվեց հայրենիքին ու գնաց մինչև վերջ, մինչև վերջին շունչը: Ըստ նրանց՝ Արտյոմը կյանքում ու կյանքին հաղթելու իր բնորոշումն ուներ. մարզիկին բնորոշ վճռականությամբ պատրաստ էր հաղթել՝ ցանկացած պայքարում: Ընկերները ժպիտով հիշում են Արտյոմի նեղացկոտությունը: Ասում են՝ նեղանում էր ամեն մանրուքից, բայց դա երբեք երկար չէր տևում. նեղացկոտության հետ մեկտեղ էլ բարությունն Արտյոմի երկրորդ անունն էր: Արտյոմ Սանոսյանի կարգապահությունն ու կազմակերպվածությունը միշտ օրինակ է եղել շրջապատի համար. մեծից՝ փոքր: Նա ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի առաջին կուրսի ուսանող պիտի լիներ: Ընդունվել էր համալսարան ու միանգամից զորակոչվել բանակ: Ընկերները կարոտն ու հուզմունքը կոկորդում՝ հիշում են Արտյոմի վերջին զանգն ու խոսքերը, վերջին խնդրանքն ու վերջին սիրո խոստովանությունը: «Վերջին անգամ զանգեց, ասաց՝ չգիտեմ՝ ինձ հետ ինչ կլինի, բայց մերոնց ու հատկապես եղբորս լավ կնայեք: Մոնիկային էլ կասեք՝ իրեն շատ եմ սիրում: Ասաց ու անջատեց, դրանից հետո էլ չենք խոսել» - պատմում է Նարեկ Մաթևոսյանը: Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր