211652_close_icon
views-count5932 դիտում article-date 15:22 13-05-2026

Ողբերգական ավտովթար՝ Երևանում. «Կամազ»-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է մի քանի ավտոմեքենաների, մոտ 1 կմ առաջ ընթացել և մխրճվել բնակչի տան մեջ. վարորդի մարմինը դուրս բերելու համար ժամանել են հատուկ փրկարարներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մայիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:40-ի սահմաններում «Կամազ» մակնիշի բեռնատարը Դավիթ Բեկի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել բնակչի տան մեջ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ով արգելափակվել է ավտոմեքենայում, տեղում մահացել է։

Նրա մարմինը դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Սոնա Երիցյանն ու կրտսեր պարեկ Գագիկ Մուրադյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Հայկ Ասրյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի և վնասված տան սեփականատերերի, ինչպես նաև մահացած վարորդի ինքնությունը։

Քիչ առաջ պարեկները պարզեցին, որ մինչև նշված տան մեջ մխրճվելը, «Կամազ»-ը այս վթարի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա բախվել է «Jeep» և «Kia» մակնիշի ավտոմեքենաներին, «Kia»-ն էլ բախվել է մեկ այլ ավտոմեքենայի, ու «Կամազ»-ը այդ վիճակով առաջ է ընթացել ու մխրճվել բնակչի տան մեջ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր