211652_close_icon
views-count2267 դիտում article-date 15:13 13-10-2020

ԵՀԽ-ն խորը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված հումանիտար հրադադարի խախտումների վերաբերյալ

Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված հումանիտար հրադադարի խախտումների վերաբերյալ։ Հայտարարությունում ասվում է. «Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդն իր խորը մտահոգությունն է արտահայտում հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված հումանիտար հրադադարի խախտումների առնչությամբ: Հորդորում ենք հակամարտող բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, հարգել հրադադարի վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված համաձայնությունը և վարել կառուցողական երկխոսություն՝ ուղղված մարդկային կյանքի և իրավունքների պաշտպանությանը, քաղաքացիական ենթակառուցվածքների և աղոթավայրերի վրա հարձակումների կանխմանը և կայուն խաղաղության հաստատմանը: Հակամարտության ընթացքում արդեն իսկ տեղի ունեցած բազմաթիվ այլ ողբերգական իրադարձությունների շարքում առավել ցնցված ենք Ղազանչեցոց տաճարի ռմբակոծությունից, որտեղ այդ ժամանակ պատսպարված են եղել քաղաքացիներ: Մենք դատապարտում ենք միմյանց կրոնական և մշակութային վայրերի ցանկացած նպատակային թիրախավորումը: Աղոթում ենք և հույս հայտնում, որ հոգևոր առաջնորդներն ու կառույցները, որոշումներ կայացնողների հետ միասին, կարող են միավորել իրենց ջանքերը` այս հակամարտությանը վերջ դնելու՝ ամեն մարդկային կյանք պաշտպանության, միմյանց համայնքների և սրբավայրերի հանդեպ հարգանքի, միջկրոնական փոխըմբռնման խթանման համար, ինչպես նաև համագործակցելու՝ հանուն խաղաղության, արդարության և մարդկային արժանապատվության: Հայր դոկտ․ Իոան Սաուկա ԵՀԽ գործող գլխավոր քարտուղար
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր