211652_close_icon
views-count30913 դիտում article-date 17:37 08-10-2020

«Վիրավորվելուց հետո առավոտյան զանգահարեց, ասաց՝ քեզ ձիգ պահի, տղաներիս լավ կպահես, միշտ կհիշես, որ ես քեզ սիրում եմ». պատմում է զոհված Մարատ Խաչատրյանի կինը. Tert.am

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված, 1979 թվականին ծնված, Քաջարան համայնքից Խաչատրյան Մարատն ուներ երկու որդի՝ 9 և 6 տարեկան: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/10/08/Marat-Khachatryan/3416746?fbclid=IwAR0AUWsDFViT3kYG0PQ4usH-zMHC5zUat5rgaYtuu9hfmeCzxhzvekFstwE]Tert.am[/url]-ի հետ զրույցում պատմեց զոհվածի կինը՝ Սուսաննա Ալեքսանյանը: Կինը պատմեց, որ ամուսինն Ապրիլյան պատերազմին մասնակից է և սպայի կոչում ուներ: «Հոկտեմբերի հինգի առավոտյան է դեպքը պատահել, երկու դիրք գրավել են, երրորդ դիրքը գրավելուց հետո դուրս են եկել, որ տեսնեն տարածքում թշնամի կա, թե չկա, վերևից հրետակոծել են: Երկու ժամ թեժ մարտերից հետո իրեն հազիվ կարողացել են դուրս բերել թշնամու տարածքից: Իր երկու հորեղբոր տղաներն էլ են զինվորական, իրենց կյանքի գնով այնտեղից հանել են, որ թուրքի ձեռքը չընկնի, բայց ցավոք չեն կարողացել կյանքը փրկել, երկու ժամ արնահոսել է և մահացել»,-ասաց նա և նշեց, որ հորեղբոր տղաներից մեկն էլ վիրավոր է: Կինն ասաց, որ Մարատի հետ վերջին անգամ խոսել է դեպքի օրը՝ առավոտյան, արդեն վիրավորվելուց հետո: «Միշտ առավոտյան ու երեկոյան զանգում էր, ընդամենն ասում էր՝ լավ եմ, էլի կզանգեմ: Այդ օրը առավոտյան 9:20 իր հետ խոսել եմ, որից 15-20 րոպե անց մահացել է: Ես աշխատանքի վայրում էի, զանգահարեց, ասեց՝ քեզ ձիգ պահի, քեզ լավ պահի, տղաներիս լավ կպահես, միշտ կհիշես, որ ես քեզ սիրում եմ: Ասաց ու անջատեց»,-պատմեց նա և նշեց, որ դրանից հետո կապ չի եղել, որ նորից խոսի: «Ինքը շատ հայրենասեր էր, պատերազմը, որ սկսեց, ինքն ասաց՝ կանչեն-չկանչեն գնալու եմ, նույնն էլ ապրիլյանին էր: Ես էլ՝ որպես երկու երեխաների մայր, խնդրեցի չգնա, ինքն էլ ասաց՝ իմ տղաները գլուխը բարձր պետք է քայլեն, իմ տղաների հայրը վախկոտ հայր չի: Նա լավ ամուսին էր, լավ հայր էր, լավ որդի էր, երեք քույր ունի: Ես շատ հպարտ եմ, որ հերոսի կին եմ, իր երեխաներն էլ շատ հպարտ են, որ իրենց հայրը հերոսի մահով է գնացել, մեր հայրենիքը, մեր տունն է պաշտպանել»,-հավելեց նա: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Նմանատիպ նյութեր