Երևանի քաղաքապետարանը 100 միլիոն դրամ է փոխանցել Արցախին. նիստի մանրամասները «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Երևանի քաղաքապետարանն արտահերթ նիստ հրավիրեց և որոշում կայացրեց 100 միլիոն դրամ փոխանցել Արցախին աջակցության համար: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին գործընթացից մանրամասներ են հայտնի դարձել: Նախ՝ երեկվա նիստից մեկ օր առաջ էլ Երևանի քաղաքապետարանի ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն էր օնլայն տարբերակով նիստ հրավիրել և քննարկել այդ հարցը:
Եվ նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանն է տեղեկացրել, որ քաղաքապետարանը ցանկանում է 100 միլիոն դրամ փոխանցել Արցախին աջակցելու համար: Հանձնաժողովի ընդդիմադիր անդամները միանշանակ կողմ են քվեարկել առաջարկին: Մեզ հայտնի դարձավ, որ այդ գումարը սկզբնական շրջանում այլ բանի համար էր նախատեսված եղել:
Մասնավորապես, հոկտեմբերի 10-ին Երևանի քաղաքապետարանը պետք է հատուկ նիստ հրավիրեր, որը վերաբերելու էր Էրեբունի-Երևան տոնակատարությանը, որտեղ պետք է նաև Երևանի պատվավոր կոչումներ տրվեին տարբեր անձանց, որոնց անունները դեռևս հայտնի չեն:
Պատերազմական դրությամբ պայմանավորված՝ տոնակատարությունը չի կայանալու, և, ըստ շրջանառվող տեղեկությունների, հենց այդ գումարը քաղաքային իշխանությունները որոշել են փոխանցել Արցախին: Դրան կողմ են եղել Երևանի ավագանու բոլոր անդամները»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]