211652_close_icon
views-count403 դիտում article-date 12:22 02-10-2020

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 1-ին հեռախոսազրույց ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ։ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Զոհրաբ Մնացականյանը Ժան Իվ Լը Դրիանին տեղեկացրեց Արցախում իրավիճակը լուսաբանող լրագրողների նպատակաուղղված թիրախավորման միջադեպերը, մասնավորապես իր գործընկերոջն իրազեկեց Ադրբեջանի թիրախում հայտնված ֆրանսիացի լրագրողների վիճակի մասին։ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներն անդրադարձան Ադրբեջանի լայնածավալ զինված հարձակման արդյունքում ԼՂ հակամարտության գոտում իրադրությանը: Այդ համատեքստում նախարար Մնացականյանն իր խորը մտահոգությունը հայտնեց արտատարածաշրջանային ուժերի ապակայունացնող գործունեության առնչությամբ` առանձնակի մտահոգություն հայտնելով Թուրքիայի կողմից Ադրբեջանին բացահայտ կերպով ցուցաբերվող անվերապահ և միակողմանի ռազմական աջակցության առնչությամբ։ Նախարարներ Մնացականյանը և Լը Դրիանը ընդգծեցին հակամարտությունում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների անմիջական ներգրավվածության անթույլատրելիությունը։ Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից արված հայտարարությանը, որը պարունակում է ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ: ՀՀ ԱԳ նախարարը կարևորեց համանախագահների և համանախագահող երկրների դերակատարումը տարածաշրջանային անվտանգությանն ուղղված սպառնալիքների չեզոքացման գործում:

Նմանատիպ նյութեր