211652_close_icon
views-count1463 դիտում article-date 13:33 21-01-2021

ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ

Հունվարի 21-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Զրուցակիցները հանգամանալից անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությանը, տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերի: Ներկայացնելով հրադադարի հաստատման և Արցախում խաղաղապահների տեղակայման վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կյանքի կոչման ընթացքը՝ նախարար Այվազյանն իր ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունը հրավիրեց հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի լիարժեք հասցեագրման անհրաժեշտության վրա, մասնավորապես՝ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց հայրենադարձման մասով: Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նաև Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ՝ ընդգծելով այդ գործընթացում միջազգային կազմակերպությունների ուղիղ և անխափան ներգրավվածության անհրաժեշտությունը: Նախարարներ Այվազյանի և Լը Դրիանի զրույցի առանցքային թեմաներից էին նաև Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ քայլերը և այդ գործընթացում միջազգային մասնագիտացված կառույցների դերը: Նախարար Այվազյանն ընդգծեց, որ հարցի հրատապությունն առավել ընդգծվում է հայկական ժառանգության ոչնչացման և ինքնության խեղաթյուրման ուղղությամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող ջանքերի լույսի ներքո: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսմանը և այդ առնչությամբ համանախագահների առաջիկա ժամանակացույցին: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցերի և տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացման շուրջ:

Նմանատիպ նյութեր