211652_close_icon
views-count2553 դիտում article-date 22:10 30-09-2020

Նախագահ Արմեն Սարգսյանը Ադրբեջանի հրահրած ռազմական գործողությունների վերաբերյալ նամակ է հղել Օմանի սուլթանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների առնչությամբ նամակ է հղել Օմանի Սուլթանության սուլթան Հայթամ Բին Տարեկ Ալ Սայիդին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ այս օրերին Ադրբեջանը նախաձեռնել է հերթական սադրիչ հարձակումն Արցախի Հանրապետության ուղղությամբ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակչությանը: «Ցավոք, Ադրբեջանի կողմից պատերազմի հրահրումն Արցախի և Հայաստանի դեմ նոր երևույթ չէ. ավելի քան երեք տասնամյակ Ադրբեջանը փորձում է լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմական միջոցներով և արմատախիլ անել հայ բնակչությանը սեփական հայրենիքից»,- ընդգծել է Հանրապետության նախագահը: Նա հիշեցրել է, որ նախորդ ամիսներին Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես բարձրաձայնել է իր մտադրությունը՝ լուծելու հակամարտությունը պատերազմի միջոցով: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Օմանի սուլթանին՝ օգտագործելու միջազգային հարթակներում ունեցած կապերն ու հեղինակությունը, որպեսզի անհապաղ դադարեցվեն արյունահեղությունն ու մարդկային տառապանքները: «Հակամարտությունը կարող է և պետք է լուծվի միայն բանակցությունների միջոցով: Այն չունի ռազմական կարգավորում: Մենք ապացուցել ենք դա նախկինում և կապացուցենք կրկին»,- ասվում է նամակի եզրափակիչ հատվածում:

Նմանատիպ նյութեր