211652_close_icon

Գեղամասար խոշորացված համայնքի բնակավայրերում կառուցվում են ջրատարներ, լուսավորության ցանց

views-count1894 դիտում article-date 15:27 25-09-2020
Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 12 բնակավայրերում կառուցվում կամ վերակառուցվում են խմելու ջրատարների ներքին ու արտաքին ցանցեր, լուսավորության ցանց է անցկացվում Դարանակ, Կախակն, Սոթք, Շատվան եւ Փամբակ բնակավայրերում, խորքային հոր եւ ոռոգման ցանց է վերանորոգվում Փոքր Մասրիկ եւ Տրետուք գյուղերում: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, Գեղամասարի 12 բնակավայրերի խմելու ջրատարների կառուցման կամ վերակառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 251 միլիոն 761 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 176 միլիոն 232 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 75 միլիոն 528 հազար դրամը՝ Գեղամասարի համայնքապետարանը: Գեղամասար բնակավայրի լուսավորության ցանցի կառուցման կամ վերակառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 44 միլիոն 896 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 29 միլիոն 182 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 15 միլիոն 713 հազար դրամը՝ Գեղամասարի համայնքապետարանը: Փոքր Մասրիկի խորքային հորի եւ Տրետուքի ոռոգման ցանցի վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 27 միլիոն 326 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 19 միլիոն 128 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 8 միլիոն 197 հազար դրամը՝ Գեղամասարի համայնքապետարանը: Սուբվենցիոն առաջին ծրագրով խմելու ջրատարների ներքին ու արտաքին ցանցեր են կառուցվում Արեգունի, Գեղամասար, Ավազան, Արփունք, Փոքր Մասրիկ, Կախակն, Սոթք, Կութ, Նորաբակ, Գեղամաբակ, Ջաղացաձոր, Շատջրեք բնակավայրերում: Կառուցվող ջրատարների ընդհանուր երկարությունը կազմում է 31 կիլոմետր 500 մետր: 5 աղբյուրակապ կառուցվում է Արեգունիում, մեկական՝ Կախակնում եւ Կութում: Գեղամասարի համայնքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա օգոստոսի 20-ին եւ կշարունակվեն մինչեւ տարեվերջ: Սեպտեմբերի 25-ի դրությամբ շինարարական աշխատանքներն ավարտվել են Ջաղացաձորում, ավարտական փուլում են գտնվում Ավազանում: Մնացած տեղերում աշխատանքները շարունակվում են: Դարանակ, Կախակն, Սոթք, Շատվան եւ Փամբակ բնակավայրերում 9 կիլոմետր 100 մետր ընդհանուր երկարությամբ լուսավորության ցանցի կառուցման շինարարական աշխատանքները եւս մեկնարկել են օգոստոսի 20-ին: Ավարտին են մոտնում Փոքր Մասրիկի խորքային հորի վերականգնման շինարարական աշխատանքները, իսկ Տրետուքի ոռոգման ցանցի վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են: «Մեր համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերը տասնամյակներ շարունակ ապրել են անկանոն ջրամատակարարմամբ, առանց կենցաղային բավարար պայմանների, առանց լուսավորության: Համոզված ենք, որ այս ծրագրերի իրականացման արդյունքում սահմանամերձ մեր գյուղերում մարդիկ ավելի կամրանան հայրենի հողի վրա՝ անմիջապես զգալով կենսապայմանների էական փոփոխությունը: Մեր երախտագիտությունն ենք հայտնում ՀՀ կառավարությանն ու Գեղարքունիքի մարզպետարանին՝ համայնքում կուտակված սոցիալ-տնտեսական խնդիրներին արմատական լուծում տալու համար»,- նշեց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:

Նմանատիպ նյութեր