4417 դիտում
11:13 17-09-2019
Ներքին Գետաշեն գյուղում ասֆալտապատվում է 13 փողոց, կառուցվում գազատար եւ արտաքին լուսավորության ցանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերի հաշվին ասֆալտապատվում է թվով 13 փողոց, կառուցվում 1 կիլոմետր երկարության գազատար 5 տարբեր թաղամասերում եւ արտաքին լուսավորության ցանց՝ 18 տարբեր թաղամասերում:
Ինչպես տեղեկացրեց Ներքին Գետաշենի գյուղապետ Կարո Գեւորգյանը, այս տարի կառավարության կողմից Ներքին Գետաշենում հաստատվել է սուբվենցիոն 5 ծրագիր, որոնցից երկուսը՝ ոռոգման եւ խմելու ջրատարների կառուցումն ընթացքում են, իսկ ասֆալտապատման ու գազատարի կառուցման ծրագրերը՝ մեկնարկային փուլում:
Ասֆալտապատման ծրագրի շինարարության պայմանագրային արժեքը կազմել է 292 միլիոն 892 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ներքին Գետաշենի գյուղապետարանը: Ասֆալտապատվելու է 5413 գծամետր երկարության ճանապարհ՝ 21 հազար քառակուսի մետր մակերեսով: Ասֆալտապատման աշխատանքները կավարտվեն այս տարվա հոկտեմբերի վերջերին: Գազատարի շինարարության պայմանագրային արժեքը կազմել է 13 միլիոն 250 հազար դրամ, որի 65 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը:
Շինարարական աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերի առաջին օրերին եւ կավարտվեն առաջիկա երկու ամիսների ընթացքում: Արտաքին լուսավորության ցանցի կառուցման ընդհանուր արժեքը կազմել է 42 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը: Ծրագրի իրականացման շինարարական մրցույթը հայտարարված է:
«Այս տարի ՀՀ կառավարության կողմից Ներքին Գետաշենի համար հաստատված սուբվենցիոն 5 ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 398 միլիոն դրամ: Ասֆալտապատ ճանապարհները տարեցտարի ավելանում են մեզ մոտ, ու այս ծրագրի ավարտից հետո կարելի է ասել, որ կիսով չափ արդեն ունենում ենք բարեկարգ, ասֆալտապատ եւ լուսավորված փողոցներ, որոնք հարում են կենտրոնական ճանապարհին: Սա մեզ հնարավորություն կտա, որպեսզի հետագա տարիներին մտածենք նաեւ ծայրամասային փողոցները բարեկարգելու եւ ասֆալտապատելու մասին: Գազատարի կառուցումը եւս օրախնդիր հարց էր, քանի որ հինգ տարբեր թաղամասերի նորակառույց բնակարանները զրկված էին բնական գազից օգտվելու հնարավորությունից: Կառուցելու ենք նաեւ 6 կիլոմետր երկարության լուսավորության ցանց, որից կօգտվեն թվով 18 թաղամասի բնակիչներ: Կտեղադրվի 226 լուսատու: Սուբվենցիոն հաջորդ երկու ծրագրերով այժմ կառուցվում է 2491 գծամետր երկարության խմելու, 988 գծամետր երկարության ոռոգման ջրատարների ներքին ցանցեր: Մինչեւ տարեվերջ բոլոր ծրագրերը կավարտվեն, որոնց արդյունքում Ներքին Գետաշենում կառավարության աջակցությամբ կկարգավորվեն մի շարք կենսական նշանակության խնդիրներ»,- ներկայացրեց համայնքի ղեկավարը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+