211652_close_icon
views-count1784 դիտում article-date 22:16 24-09-2020

Նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը: «Ուրախ եմ լինել Շվեդիայի Թագավորության առաջին ռեզիդենտ դեսպանը Հայաստանում»,- ասել է Պատրիկ Սվենսոնը՝ Հայաստանի նախագահին փոխանցելով Շվեդիայի թագավորի և կառավարության ողջույններն ու բարեմաղթանքները: Նորանշանակ դեսպանն ասել է, որ իր ջանքերը կնպատակաուղղի հայ-շվեդական բարձր մակարդակի հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ, մաղթել արդյունավետ գործունեություն և համոզմունք հայտնել, որ նա իր փորձառությունը կներդնի՝ տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման համար: Խոսելով իր օրակարգային առաջնահերթությունների մասին՝ դեսպան Սվենսոնը կարևորել է երկու երկրների միջև առևտրատնտեսական փոխգործակցության խորացումը և նշել, որ ակնկալում է ավելի շատ շվեդական ընկերություններ տեսնել Հայաստանում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ուղղություններով համագործակցության հեռանկարների շուրջ: Նախագահ Սարգսյանը հատկապես կարևորել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցությունը՝ նշելով, որ Շվեդիան այս ոլորտում մեծ հաջողություններ և լավ ավանդույթներ ունի: Նախագահ Սարգսյանն ընդգծել է նորագույն տեխնոլոգիաների կարևոր դերը Հայաստանի ապագայի համար: Այդ համատեքստում նա անդրադարձել է մեր երկրում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM նախագահական նախաձեռնությանը և դրա շրջանակում շվեդական ընկերությունների հետ հնարավոր գործակցությանը:

Նմանատիպ նյութեր