Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. Ռուսական ռազմաբազայի 27-ամյա զինծառայողը Toyota-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. նրա դին հայտնաբերել են ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 27-ամյա Ալեքսեյ Մելնիկովը իր վարած Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայով, Սարատովկա գյուղի հարակից դաշտում, դեռեւս անհայտ հանգամանքներում, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհից ու մի քանի մետր գլորվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վերջինս տեղում մահացել է: Նրան արդեն մահացած վիճակում իր հետ գտնվող  քաղաքացիները  իրենց մեքենայով տեղափոխել են Ստեփանավանի բժշկական կենտրոն, որտեղ էլ հաստատվել է մահը:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաեւ ոստիկանության Ստեփանավանի եւ Տաշիրի բաժինների օպերատիվ խմբերը՝ բաժինների պետերի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 27-ամյա Ա. Մելնիկովը ծառայում է Գյումրի քաղաքում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում՝ որպես դասակի հրամանատար
Գ. Շամշյանը հայտնում է նաեւ, որ մեքենայում հայտնաբերվել է որսորդական հրացան:
Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում  նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


