211652_close_icon
views-count1613 դիտում article-date 23:06 18-09-2020

Թուրքիան դարձել է տարբեր տարածաշրջաններ անկայունություն արտահանող երկիր. Իտալիայում ՀՀ դեսպան

Իտալիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը հարցազրույց է տվել իտալական «Լա Վերիտա» օրաթերթին, որում անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը և դրանում Թուրքիայի դերին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մեկնաբանելով Ադրբեջանի հայտարարությունը՝ Հայաստանի Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու մտադրության մասին, Համբարձումյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից հնչեցրած սպառնալիքը՝ հրթիռակոծելու Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը, միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է: «Նմանօրինակ սպառնալիքները լավագույնս են ի ցույց դնում այդ պետության իրական դեմքը։ Մենք այդ հայտարարությունը դիտարկում ենք որպես պետական և միջուկային ահաբեկչության դրսևորում: Այդ հայտարարությունը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին, ինչպես նաև հենց նույն Ադրբեջանի ժողովրդին։ Ամենահետաքրքիրն այն է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից փորձ է արվել «արդարացնել» ՊՆ պաշտոնական ներկայացուցչի կողմից արված հայտարարությունը՝ որպես «էմոցիոնալ» ֆոնին արված հայտարարություն: Իհարկե դա որևէ կերպ չի նվազեցնում Ադրբեջանից եկող սպառնալիքը Հայաստանի, հայ ժողովրդի, ինչպես նաև՝ Ադրբեջանի ժողովրդի համար»,- ասել է Համբարձումյանը։ Դեսպանի խոսքով՝ տարիներ շարունակ Ադրբեջանը միջազգային տարբեր կազմակերպություններում մտահոգություն էր հայտնում ատոմակայանի անվտանգության կապակցությամբ՝ նշելով, որ այն գտնվում է սեյսմիկ գոտում, իբր հնացած է և այլն: Իսկ այժմ Ադրբեջանը սպառնում է ոչնչացնել ատոմակայանը: «Կարծում ենք, որ սա հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանի բոլոր այսպես կոչված մտահոգությունները ունեն խսիտ հակահայկական ուղղվածություն: Ցավոք, մարդկային կյանքը այդ երկրում արժեք չէ, էլ ուր մնաց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքը»,- հավելել է դեսպանը։ Հարցին՝ թե ինչ կոչ ունի իտալական իշխանություններին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, դեսպանը պատասխանել է, որ նախևառաջ այս առիթը օգտագործելով ցանկանում է շնորհակալություն հայտնել իտալական իշխանություններին, մասնավորապես ԱԳ նախարար Դի Մայոյին ԼՂ խնդրի կարգավորման հարցում իր հավասարակշռված մոտեցման համար։ «Բարձր եմ գնահատում հուլիսյան իրադարձությունների ողջ ընթացքում իտալական կողմի ցուցաբերած խոհեմ և հավասարակշռված մոտեցումը։ Իտալական իշխանություններից ակնկալիքն այն է, որ իտալական կողմը շարունակի դրսևորել հավասարակշռված և անկողմնակալ մոտեցում, աջակցել հակամարտությամբ զբաղվող և միջազգային հանրության մանդատն ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող խաղաղ բանակցային գործընթացին։ Միջազգային հանրությանը մոլորեցնում են ձեր և Ադրբեջանի փոխադարձ մեղադրանքները հարձակման մասին։ Ի վերջո, մարդիկ ու՞մ հավատան, ո՞վ է հարձակվել։ Կարծում եմ՝ երբ չգիտես ում հավատալ, ստիպված ես ապավինել տրամաբանությանը»,- ասել է Համբարձումյանը։ Դեսպանի կարծիքով՝ այն կողմը, որը հարձակվելու մտադրություն ունի, չի պնդում հետաքննության մեխանիզմ ներդնել Հայաստան-Ադրբեջան սահմանին և Ադրբեջան-ԼՂ շփման գծում։ Այն կողմը, որը հարձակվելու մտադրություն չունի, այդպես ուժեղ չի պայքարում այդ մեխանիզմները դնելու դեմ։ «Կամ երբևէ լսե՞լ եք Հայաստանից Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ թշնամական կոչեր։ Ադրբեջանը դա անում է ամենօրյա ռեժիմով։ Ո՞վ է հայերին անվանում թիվ մեկ թշնամի, ո՞վ է Բաքվի փողոցներում կազմակերպում ցույցեր «մահ հայերին» կարգախոսով։ Ներկա ռազմական էսկալացիան ցույց տվեց, թե որքան պահանջված են անվտանգության և վստահության ամրապնդման միջոցառումները, ինչպես օրինակ՝ հրամանատարների միջև ուղիղ կապը, միջազգային, տվյալ պահին՝ ԵԱՀԿ մոնիթորինը, ինչպես նաև վերիֆիկացիոն հետաքննող մեխանիզմները: Սակայն այդ միջոցառումների ներդրմանը հետևողականորեն դեմ է ոչ թե Հայաստանը, ոչ թե Արցախը, այլ հենց Ադրբեջանը»,- ընդգծել է Համբարձումյանը։ Դեսպանը նաև խոսել է Թուրքիայի դերի մասին այս ամենում, նշելով, որ Թուրքիայի դերը ապակառուցողական է, ինչպես միշտ։ «Թուրքիան, ցավոք, գնալով ավելի վտանգավոր է դառնում, քանի որ այն դարձել է տարբեր տարածաշրջաններ անկայունություն արտահանող երկիր՝ լինի դա Միջերկրականում, Աֆրիկայում, թե Ասիական տարածաշրջանում: Ներկայումս Թուրքիայի կողմից փորձ է արվում այդ քաղաքականությունն արտահանել նաև Հարավային Կովկաս: Ադրբեջանին հայտնած անվերապահ աջակցությունը և ԼՂ հակամարտության մեջ նրանց ապակառուցողական դերը միայն մի մասն են այսօրվա Թուրքիայի նեոօսմանական քաղաքականության»,- եզրափակել է Համբարձումյանը։

Նմանատիպ նյութեր