Երևանում բախվել են Kia-ն, Ford-ն ու մոտոցիկլը. վերջինս կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ավտոմեքենաների և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։20-ի սահմաններում Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 23-ամյա Զարինե Գ-ի վարած Kia մակնիշի, 22-ամյա Հենրիկ Ս-ի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները և Շիրակի մարզի բնակիչ՝ 25-ամյա Դավիթ Ղ-ի վարած մոտոցիկլը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ 
 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Գ. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ford-ի վարորդ Հենրիկ Ս-ն աշխատում է «Բարի Սամարացի» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ։ 
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
                                            
                    
                                            
                        
            

