211652_close_icon
views-count3190 դիտում article-date 21:06 16-09-2020

Նավալնին Գերմանիայից չի խնդրի քաղաքական ապաստան. նա բուժումից հետո կվերադառնա ՌԴ

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին երեքշաբթի օրը առաջին անգամ իր թունավորումից հետո հրապարակել է լուսանկար հիվանդանոցից, ուր նստած է անկողնում՝ շրջապատված իր ընտանիքի անդամներով, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5584609.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Instagram-ում հրապարակված լուսանկարը ուղեկցվում է գրառմամբ. «Ողջույն, ես Նավալնին եմ: Ես բոլորիդ կարոտել եմ: Դեռ գրեթե ոչինչ չեմ կարող անել, սակայն երեկ ամբողջ օրը կարողացել եմ շնչել ինքնուրույն: Լիովին ինքնուրույն, առանց որևէ կողմնակի օգնության...»: Ալեքսեյ Նավալնին Գերմանիայում ապաքինվում է Ռուսաստանում թունավորումից հետո: Ըստ Նյու Յորք Թայմսի, նա կարողացել է արդեն խոսել գերմանացի մի դատախազի հետ իր թունավորման կապակցությամբ և նշել, որ պատրաստվում է վերադառնալ Ռուսաստան ապաքինվելուց անմիջապես հետո: Դրա մասին, ըստ Նյու Յորք Թայմսի, տեղեկացրել է գերմանական կողմի բարձրաստիճան իրավապահ մի պաշտոնյա: Նավալնին երկար ժամանակ թունավորումից հետո գտնվել է բժշկական կոմայում: Բեռլինի Շարիտե հիվանդանոցի բժիշկները վստահ չէին , թե ինչ վիճակում է նա լինելու գիտակցության գալուց հետո: Սակայն իրավապահ ոլորտի աղբյուրները հայտնում են, որ Նավալնիի գիտակցությունը լիովին վերականգնվել է, և նա ամբողջապես գիտակցում է, թե որտեղ է գտնվում, և ինչ է տեղի ունենում իր շուրջը: Այս տեղեկությանը նախորդել էր Գերմանիայի կառավարության հայտարարությունը, որ Ֆրանսիայի և Շվեդիայի լաբորատորիաներում անցկացված հետազոտությունը հաստատել է, որ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է հատուկ թունավոր նյութով հայտնի որպես «Նովիչոկ», որը ազդում է մարդու նյարդային համակարգի վրա: Դա համընկնում է Բեռլինի եզրակացությանը, որը ևս մեկ անգամ փաստում է Նավալնիի թունավորման հարցում ռուսական պետության ներգրավվածության մասին: Պաշտոնական Բեռլինը կոչ է անում Մոսկվային պարզաբանումներ տրամադրել այս կապակցությամբ: Ըստ Նյու Յորք Թայմսի, գերմանական ոստիկանությունը շարունակում է պահպանել Նավալնիի անվտանգությունը հիվանդանոցում: Վերջինս հրաժարվել է համագործակցել ռուսական կողմի՝ համատեղ հետաքննություն իրականացնելու առաջարկի շրջանակում, սակայն ապաքինվելուց հետո նախատեսում է վերադառնալ Ռուսաստան: Գերմանական իրավապահ մարմինների աղբյուրները նշել են, որ նա չի պատրաստվում ապաստան խնդրել գերմանական կառավարությունից: Ռուսական կողմն անմիջապես չի արձագանքել ֆրանսիական և շվեդական լաբորատորիաների արդյունքներին: Նրանք պնդում են, որ որևէ ապացույց չկա, որ պարոն Նավալնին թունավորվել է՝ առաջ քաշելով մի շարք այլ կարծիքներ, ներառյալ արյան մեջ շաքարի ցածր մակարդակն ու դեղամիջոցի չափից շատ օգտագործումը: Նավալնիի թունավորման գործն իր ազդեցությունը թողեց արտաքին քաղաքական ոլորտում և հատկապես ռուս-գերմանական հարաբերությունների վրա: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով, ըստ Նյու Յորք Թայմսի, առնվազն շաբաթը մեկ հեռախոսազրույց է ունենում Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, թունավորումից ի վեր չի զրուցել Ռուսաստանի իր գործընկերոջ հետ, իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը չեղարկել է երկուշաբթի օրը իր գերմանացի գործընկեր Հայկո Մաասի հետ հանդիպումը ժամանակացույցի պատճառով: Հնչում են նաև Հյուսիսային հոսանք 2 գազամուղի նախագիծը դադարեցնելու կոչեր, սակայն, ըստ վերլուծաբանների, Գերմանիայի կանցլեր Մերկելը եղել է այս նախագծի ջատագովներից մեկը, ուստի դրա դադարեցումը քիչ հավանական է: Բացի այդ, ի տարբերություն Մեծ Բրիտանիայի, որը հետախույզ Սկրիպալի թունավորումից հետո, անմիջապես պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի դեմ և արտաքսեց տասնյակ ռուս դիվանագետների, գերմանական կողմը, ըստ Նյու Յորք Թայմսի, ակնարկում է, որ Նավալնիի թունավորման հարցը ռուս-գերմանական երկկողմանի խնդիր չէ: Ի տարբերություն Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սկրիպալի, ով ևս թունավորվել էր Նովիչոկ նյութով, Նավալնին Ռուսաստանի քաղաքացի է: Գերմանիայի պաշտոնական շրջանակներն այժմ դիտարկում են հնարավոր պատժամիջոցների կիրառում Եվրամիության բոլոր անմդամների կողմից, ներառյալ, ճանապարհորդության արգելքը և ակտիվների սառեցումը ֆիզիկական անձանց նկատմամբ՝ շեշտելով, որ այսպիսով կընդգծվի ԵՄ վերաբերմունքը եվրոպական արժեքներին: Դրա հետ մեկտեղ, գերմանական աղբյուրները պնդում են, որ Ռուսաստանի վարքագծի դեմ ուղերձը չպետք է լինի ի հաշիվ շարունակվող բանակցությունների Ուկրաինայի և Սիրիայի հարցերում, որտեղ Ռուսաստանն ունի առանցքային դերակատարում, հաղորդում է Նյու Յորք Թայմսը:

Նմանատիպ նյութեր