211652_close_icon
views-count1910 դիտում article-date 14:02 09-09-2020

Դուք կարծիք եք ձևավորում պետության ու իշխանության մասին. Արցախի նախագահը՝ ՃՈ ծառայողներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 9-ին հանդիպել է ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողների հետ: Տեղեկացնում է ԱՀ նախագահի կայքը։ Երկրի ղեկավարը բարձր է գնահատել ճանապարհային ոստիկանության հետևողական ու արդյունավետ աշխատանքը և կարևորել օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի պահպանումը: Նախագահը միաժամանակ նշել է, որ ծառայողական պարտականությունների իրականացման ժամանակ ճանապարհային ոստիկանության ծառայողների դրսևորած վարքագիծը ևս շատ կարևոր է, և պահանջել է առավելագույնս հարգալից լինել բոլորի նկատմամբ: «Դուք շատ կարևոր գործառույթներ իրականացնելով հանդերձ նաև տրամադրություն ու կարծիք եք ձևավորում պետության ու իշխանության մասին: Դրա համար առանցքային է, թե ինչպիսի վերաբերմունք եք ցուցաբերում հանրապետության քաղաքացիների և Արցախ այցելած հյուրերի հանդեպ: Վստահեցնում եմ, որ իշխանություններն ունեն բավարար կամք ու վճռականություն պայքարելու համակարգում տեղ գտած բոլոր տեսակի արատավոր երևույթների դեմ: Օրենքի գերակայությունը մեր երկրում այլընտրանք չունի, և դուք ձեր բաժին պարտականությունների կատարման ժամանակ պետք է գործեք միայն օրենքի տառին ու ոգուն համապատասխան»,- ասել է Ա. Հարությունյանը: Հանրապետության նախագահը նշել է նաև, որ ճանապարհային ոստիկանության նյութատեխնիկական պայմանների պատշաճ ապահովումը և ծառայողների սոցիալական խնդիրները մշտապես գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում՝ այդ համատեքստում ընդգծելով, որ սեպտեմբերի 1-ից կտրուկ կբարձրանան անձնակազմի աշխատավարձերը: Հանդիպմանը ներկա էր ԱՀ ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանը:

Նմանատիպ նյութեր