Նորայր Նորիկյան. Այս ամենի պատճառը տնտեսական համակարգում բարեփոխումների իսպառ բացակայությունն է
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տարիներ շարունակ պետությունը ղեկավարում էին օլիգարխները, կամ զարգացած երկիր ունենալու համար երբեմն անհրաժեշտ է հանդգնել
Տարիներ շարունակ Հայաստանի տնտեսական վիճակի բնութագրիչները եղել են մրցակցության իսպառ բացակայությունը, առանձին ոլորտների մենաշնորհները, համակարգված կոռուպցիան, ինչպես նաև պետական պաշտոնյաների կողմից տնտեսության փաստացի կառավարումը:
Պաշտոնյաների գերակշիռ մեծամասնությունը ապօրինաբար զբաղվում էր ձեռնարկատիրությամբ՝ կուտակելով միլիարդավոր ԱՄՆ դոլարներ:
Հաստատված խաղի կանոնները Հայաստանը վերածել էր փակ տարածքի, որն օբյեկտիվորեն չէր կարող գրավիչ լինել քաղաքակիրթ աշխարհի ներդրողների համար:
Երկիրը ղեկավարող մի քանի մարդիկ իրենց վարքագծով ու անկշտության մոլուցքով խրախուսում էին ապօրինի հարստացումը՝ տնտեսական գործունեությամբ զբաղվող սուբյեկտներին հանցագործությունների մեջ ներքաշման միջոցով նրանց առավել վերահսկելի դարձնելու նպատակով:
Փաստորեն, տարիներ շարունակ պետությունը ղեկավարում էին օլիգարխները:
2018թ. թավշյա հեղափոխությունից հետո ստեղծվել է նպաստավոր իրավիճակ՝ զարգացած աշխարհի պատկերացումներին համաշունչ տնտեսական համակարգ կառուցելու համար:
Այո՛, թեև համակարգված կոռուպցիան վերացել է, ինչպիսին որ կար նախկինում, սակայն, նկատի ունենալով, որ վերջին երկու տարիների ընթացքում տնտեսության ոլորտում խաղացողների որակական փոփոխություն և սեփականության վերաբաշխում տեղի չի ունեցել, այսինքն՝ բոլոր նրանք, որոնք նախորդ տարիների ընթացքում իրենց ձեռքին են պահել տնտեսության զարկերակը, այսօր պահպանում են իրենց այդ իրավունքը, հետևաբար պետք է արձանագրել, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ առանձին ճյուղերում մենաշնորհային, իսկ մրցակցությունը դեռևս խնդրահարույց է:
Այս ամենի պատճառը տնտեսական համակարգում բարեփոխումների իսպառ բացակայությունն է:
Անհրաժեշտ է սկսել տնտեսական բարեփոխումների քաղաքականություն, որի մեկնարկի համար էական նշանակություն ունեն.
1. Տնտեսական մեկուսացման և շրջափակման վերացման վերաբերյալ ռազմավարական հայեցակարգի ստեղծումն ու իրագործումը:
2. Տարածաշրջանային տնտեսական համակարգերի հետ ինտեգրման առավել մեծ մակարդակի ապահովման համար նախադրյալներ ստեղծելը, Իրանի և Վրաստանի հետ առավել սերտ տնտեսական գործունեություն իրականացնելը:
3. ԵԱՏՄ հնարավորությունների ռացիոնալ ու ամբողջական օգտագործումը:
4. Մենաշնորհների լիարժեք վերացումը և իրապես ազատ տնտեսական մրցակցության ապահովումը:
5. Նախորդ տարիներին կնքված անօրինական գործարքների վերանայումը և հանցավոր ճանապարհով ձեռք բերված պետական և համայնքային սեփականություն հանդիսացած գույքերի վերադարձը:
6. Հողային նոր ռեֆորմի իրականացումն ու որակապես Նոր Գյուղի ստեղծումը, Հայաստանի հողային ֆոնդի հնարավոր առավելագույնը ոռոգելի դարձնելը, գյուղմթերքի վերամշակման ոլորտում գոտիական հարկային քաղաքականության կիրառումը և արտահանմանն ուղղված ագրոհամակարգ ստեղծելը:
7. Արդյունաբերական երկրի իմիջի ձևավորումը, ԵԱՏՄ երկրների, Իրանի, Վրաստանի շուկաների համար պահանջարկ ներկայացնող արդյունաբերական ապրանքներ արտադրելուն ուղղված համակարգերի ստեղծումը՝ միաժամանակ խնդիր դնելով եվրոպական չափանիշներին համապատասխանող արդյունաբերական համակարգի ստեղծումը:
8. Մրցունակ, միաժամանակ մատչելի զբոսաշրջային միջավայր ու ենթակառուցվածքներ ստեղծելը:
Իհարկե՛, տնտեսության մյուս ոլորտների մասին հնարավոր կլինի խոսել առաջիկայում, բայց խորապես վստահ եմ՝ զարգացած երկիր ունենալու համար երբեմն անհրաժեշտ է հանդգնել:
Ես այսպես եմ պատկերացնում ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ կառուցումը, և կառուցելու ենք իրապես ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ…»: