5-րդ զորամիավորումում անցկացվել են հանկարծակի ստուգումներ, 4-րդում՝ կրակային պատրաստության պարապմունք, 2-րդում՝ հրամանատարաշտաբային զորավարժություն
Անձնակազմի պատրաստության աստիճանն ստուգելու նպատակով 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում սեպտեմբերի 3-ին հայտարարվել է ուսումնական տագնապ։
Ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի և զբաղեցրել նախորոշված շրջանները։
Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքները, սահմանված ժամկետներում կապի հանգույցների ծավալման կարողությունները, վերադաս և ենթակա շտաբերի միջև կապի ապահովման արդյունավետությունը։
Սեպտեմբերի 3-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։
Անձնակազմը ևս մեկ անգամ հրահանգավորվել է կրակային խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
Ստուգվել են հաստիքային զենքով կրակի վարման հմտությունները, կատարելագործվել է զինծառայողների անհատական վարժվածությունը։
2-րդ զորամիավորումում սեպտեմբերի 3-ին անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն: Ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական հանգույցներ:
Վարժանքներին հետևել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի օգնական, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը: Ստուգվել են անձնակազմի գործողություններն առաջադրանքների կատարման ընթացքում, տրվել համապատասխան հրահանգներ։