211652_close_icon
views-count2174 դիտում article-date 19:42 02-09-2020

Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՌԴ տրանսպորտի նախարարության միջև սեպտեմբերի 2-ին ստորագրվել է «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը և ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ, Երկաթուղային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Վլադիմիր Տոկարևը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, շնորհակալություն հայտնելով համագործակցության համար` փոխնախարար Արմեն Սիմոնյանը կարևորել է ձեռք բերված համաձայնությունները, որոնք արտացոլված են արձանագրությունում, և ընդգծել, որ դրանք երկարատև քննարկումների արդյունք են։ Իր հերթին, ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ, Երկաթուղային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Վլադիմիր Տոկարևը իր գոհունակությունն է հայտնել արձանագրության ստորագրման առիթով և նշել, որ սա երկու կողմերի համար էլ շատ կարևոր իրադարձություն է։ Կողմերը հույս են հայտնել, որ քննարկումների արդյունքում կայացված փոխշահավետ որոշումները խթան կհանդիսանան հետագա քննարկումների համար և նոր շունչ կհաղորդեն «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությանը։ Արձանագրությունը ստորագրվել է՝ հիմք ընդունելով այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ինչպես ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նստաշրջանի, այնպես էլ միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում։ Նշյալ արձանագրության ստորագրումը կարևոր նշանակություն ունի «Հարավկովկասյան երկաթուղու» հետագա գործունեության համար և թույլ կտա լուծել նրա առջև դրված այնպիսի օրակարգային խնդիրներ, ինչպիսիք են ապրանքների և ուղևորների փոխադրումների ծավալի մեծացումը և երկաթուղային շարժակազմի թարմացումը:

Նմանատիպ նյութեր