Տիխանովսկայան հորդորում է ընդարձակել համազգային գործադուլները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բելառուսի անփոփոխ առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի մրցակից Սվետլանա Տիխանովսկայան նոր ուղերձ է հղել աջակիցներին՝ հորդորելով ընդարձակել համազգային գործադուլները։ Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/30795383.html]«Ազատությունը»[/url]։
«Ձեր ըմբոստությունն արդեն իսկ վախեցրել է վարչակազմին», - պնդել է ընդդիմադիր գործիչը, ով օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից երկու օր անց հեռացել է երկրից՝ ենթադրաբար իշխանությունների բռնաճշնման տակ։
Այսօր Տիխանովսկայան հանդիպել է Լիտվայի վարչապետին, հեռախոսազրույց ունեցել Էստոնիայի արտգործնախարարի հետ՝ հորդորելով Արևմուտքին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկել Բելառուսում ստեղծված իրավիճակն ու բռնությունները ընդդիմության դեմ։
Եվրամիությունը ընտրությունների արդյունքը չի ճանաչում և պատրաստվում է Լուկաշենկոյի վարչակազմի դեմ պատժամիջոցներ սահմանել: Միացյալ Նահանգների պետքարտուղարն, իր հերթին, հայտարարել էր, թե Վաշինգտոնը ևս պատրաստ է գնալ այդ քայլին։
Տիխանովսկայան այսօր մամուլի ասուլիս է հրավիրել, պատասխանել օտարերկրյա լրագրողների հարցերին։