39416 դիտում
13:10 19-08-2020
Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում. գյուղացիները Հերմինե Նաղդալյանի ամուսնու սարքած անորակ ճանապարհի պատճառով սպառնում են փակել ճանապարհը. ժամանել է տարածքի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 19-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Եղիպատրուշ գյուղի մի խումբ բնակիչներ՝ ի նշան բողոքի, սպառնում են փակել Ապարան-Երևան ավտոճանապարհը, քանի որ, ըստ իրենց խոսքի, վստահ են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին սուտ տեղեկություններ են հաղորդում Եղիպատրուշ գյուղի գլխավոր ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների մասին։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Տևական ժամանակ է, տեսնում ենք, թե ՀՀ կառավարությունն ինչպիսի հսկայածավալ աշխատանքներ է կատարում հանրապետությունում ճանապարհաշինարարության ուղղությամբ։ Նույնիսկ այնպիսի տեղեր են ասֆալատապատում կատարում. որ Սովետի ժամանակ սկի չէին անում։ Էս մեր ճանապարհը 2017 թվականի ամռանը ԱԺ նախկին պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսնու ղեկավարած Ճանշինը մրցույթով շահել էր և սկսել էր աշխատանքները։ 4-5 ամիս կատարում էին ասֆալտապատումը, և հավատում էինք, որ գոնե մի քանի տարի ունենալու ենք բարվոք ճանապարհ։ Նրանք նույնիսկ ասում էին, որ՝ ժողովուրդ ջան, 5 տարի երաշխավորում ենք, որ երթևեկելու եք առանց դարուփոս ճանապարհների։ 5 տարին ո՞րն ա, 5 ամիս էլ չանցած՝ էս ճանապարհի մոտ 600-700 մետր հատված լրիվ դառել է աջաբսանդալ։ Ասֆալտապատումը կատարվել է թերի, մեր լեզվով ասած՝ բռակ։ Ունքը սարքելու փոխարեն աչքն են հանել։ Նույնիսկ եղել են դեպքեր, որ գյուղում մարդ է վատացել։ Զանգել ենք շտապօգնություն, որ Քուչակից սկոռին պետք է 7-10 րոպեում հասնի, կես ժամ սպասել ենք, իսկ պատճառը ճանապարհն է։
Մենք վստահ ենք, որ թե Ն. Փաշինյանը, թե Ս. Պապիկյանը տեղյակ չեն։ Եթե ճիշտ զեկուցեն, ապա խնդիրը 1 ամսվա ընթացքում կլուծվի։
Այսօր՝ ի նշան բողոքի, ճիշտն ասած, ուզում ենք փակենք ճանապարհը, բայց այս պահին հրաժարվում ենք այդ գաղափարից՝ հավատալով, որ կառավարությունում արդեն կիմանան խնդիրն ու միջոցներ կձեռնարկեն՝ պրոբլեմը հրատապ լուծելու համար։ Այս պահին էլ ինչ-որ մարդիկ եկել են ու փորձում են ասֆալտապատման մեջ օգտագործվող հսկայական ֆրեզը տանեն։ Մենք էլ արգելում ենք, քանի որ, դեռ գործը չավարտած, ինչի՞ են ուզում այն տանեն։ Եթե դա տարան, վե՛րջ՝ էս ճանապարհի էդ հատվածի վերանորոգումը պետք է գրենք սառույցին»։
Այս պահին նշված վայր են ժամանել նաև Ապարան խոշորացված համայնքի պատասխանատուները։
Ժամանել են նաև Ճանապահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Այս պահին էլ գյուղացների հետ բանակցություններ է վարում ոստիկանության Ապարանի բաժնի պետ Արմեն Հարությունյանը, ով բողոքի ակցիայի մասնակիցներին տեղեկացրեց, որ խնդիրը այս պահին լուծվելու է՝ ի շահ բնակչի, և մասնակիցներն էլ, հավատալով Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանին, ոստիկանապետին, հրաժարվեցին ճանապարհը փակելուց։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 136+
136+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)