«Բարսելոնայի» խաղացողները ցանկանում են ակումբի նախագահի վաղաժամ ընտրություններ
«Բարսելոնայի» առաջատար խաղացողները ակումբում փոփոխությունների անհրաժեշտություն են տեսնում:
Ֆուտբոլիստներն ընդունում են, որ «Բավարիայից» նվաստացուցիչ (2:8) պարտության մեջ իրենց պատասխանատվության բաժինն էլ կա, սակայն նաև գտնում են, որ տակտիկապես խաղին լավ չէին պատրաստել իրենց: Բացի այդ, նրանք վստահ են, որ նման արդյունքը «Բարսելոնայի» ղեկավարության անհաջող գործունեությունն է:
Ֆուտբոլիստները ցանկանում են, որ ակումբի ներկայիս նախագահ Ժոզեպ Բարտոմեուն արտահերթ նախագահական ընտրություններ կազմակերպի, որոնք ի սկզբանե նախատեսված էին 2021 թվականի ամռանը:
«Մթնոլորտը շատ լարված է: Հնարավոր չէ այն շտկել՝ տարօրինակ տրանսֆեր կատարելով, 1-2 նոր մարդ բերելով: Մեզ անհրաժեշտ են թարմացումներ», ասել է «Բարսայի» ազդեցիկ խաղացողներից մեկը:
Բացի այդ, խաղացողների կարծիքով, ակումբին անհրաժեշտ է մարզիչ, որը լավ է ճանաչում «Բարսան», որը կարող է համախմբել և ոգեշնչել թիմին: Այդ իսկ պատճառով ֆուտբոլիստները ցանկանում են տեսնել Չավիին, որը ներկայումս գլխավորում է Կատարի «Ալ-Սադը»: