Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Դատավոր Մարիկա Չիտաշվիլին որոշում է կայացրել օգոստոսի 8-ին Ախալքալաքում տեղի ունեցած սպանության գործով մեղադրյալ Արթուր Գաբրիելյանին կալանքի տակ պահելու մասին, հայտնում է JNews-ը:
Դատական նիստն անցկացվում էր հեռակա կարգով այսօր` օգոստոսի 11-ին, Ախալցխայի դատարանում:
Դատախազ Մամուկա Կոմոշվիլին կալանք է պահանջել Գաբրիելյանի համար` հիմնավորելով այն փաստով, որ ամբաստանյալը, ով գտնվում է հետախուզման մեջ, կարող է խոչընդոտել հետաքննության ընթացքին կամ փախուստի դիմել: Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ:
«Այս փուլում մեղադրյալի անվտանգության համար մենք համաձայն ենք դատախազի հետ, որ ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց պետք է ընտրվի կալանավորումը»,- դատական նիստի ընթացքում ասել է Գաբրիելյանի փաստաբան Թարիել Բալաբանիշվիլին:
Դատական նիստի ավարտին դատավոր Մարիկա Չիտաշվիլին որպես խափանման միջոց կալանքն է ընտրել 27-ամյա երիտասարդի սպանության համար մեղադրյալի նկատմամբ: