2002 դիտում
13:26 04-08-2020
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռակապով խոսել է Հյուսիսային Ամերիկայի հայոց թեմերի առաջնորդների հետ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը օգոստոսի 3-ին հեռակապով հանդիպում ունեցավ Հյուսիսային Ամերիկայի Հայոց Եկեղեցու թեմակալ առաջնորդների հետ։
Հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ․ Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանը և Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը։
Հեռավար հանդիպմանը մասնավոր անդրադարձ կատարվեց օրեր առաջ Հայրենիքում՝ Տավուշի մարզում, հայ-ադրբեջանական սահմանի վրա տեղ գտած ռազմական գործողություններին։ Վեհափառ Հայրապետը լուսաբանություններ տվեց վերջին զարգացումների շուրջ՝ աղոթքով հիշելով հանուն հայրենիքի խաղաղության և անվտանգության նահատակված հայորդիներին։ Նորին Սրբությունը խոսեց նաև այս առիթով տարբեր երկրներում Ադրբեջանի հրահրմամբ տեղի ունեցող ազգամիջյան բախումների և համայնքներում տիրող իրավիճակի մասին՝ տեղեկացնելով, որ իրենց հետ հաղորդակցություն պահպանելուց բացի՝ մշտական կապի մեջ է եղել Եվրոպայի ու Ռուսաստանի թեմակալների հետ։
Գարեգին Երկրորդ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց տարբեր քաղաքներում թեմակալ առաջնորդների և հոգևորականների ունեցած կարևոր դերակատարության առնչությամբ, որի շնորհիվ հաջողվել է պաշտպանել հայ համայնքները և պատշաճ վարքագիծ դրսևորել ազգամիջյան լարվածության հաղթահարման համար։ Դատապարտելով ադրբեջանական այս քաղաքականությունը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց շարունակել միջոցներ ձեռնարկել՝ թույլ չտալու մեր ժողովրդին տրվելու սադրանքների։
Նորին Սրբությունը մասնավորապես ընդգծեց անհրաժեշտությունը Սփյուռքի կառույցների միջև գործակցության զորացման ու համախմբման, ինչպես նաև Հայրենիքի կապերի սերտացման և ամրապնդման։ «Այս դժվարին օրերին Հայրենիքը պետք ունի իր յուրաքանչյուր զավակի զորակցության», - նշեց Հայոց Հայրապետը։
Իրենց հերթին թեմակալ առաջնորդները զորակցություն հայտնեցին Հայոց Հովվապետին և հայրենաբնակ ժողովրդին՝ հաստատելով, որ Սփյուռքն ապահով է միայն Հայաստանի հզորությամբ, անվտնագությամբ և առաջընթացով, և կարևորեցին համազգային միասնականությունը։
Զրույցի ընթացքում թեմակալները Ամենայն Հայոց Կաթողիկոսին նաև տեղեկություններ փոխանցեցին թեմերի և ծուխերի ներկայիս վիճակի, եկեղեցիներում աստվածպաշտության կազմակերպման և համավարակի հետևանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների վերաբերյալ։ Այս առնչությամբ Հայոց Հովվապետը, կարևորելով այս ծանր շրջանում թեմակալների և հովիվների մատուցած ծառայությունը իրենց հոգևոր խնամքի ներքո գտնվող ազգի զավակներին, իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց թեմերում սպասավորող հոգևոր դասին։ Նորին Սրբությունն ընդգծեց, որ Մայր Աթոռը զորավիգ է յուրաքանչյուր հայորդու և պիտի շարունակի իր զորակցությունը բերել թեմակալ առաջնորդներին իրենց հոգևոր և ազգապահպան աստվածահաճո առաքելության մեջ։ Հայոց Հովվապետը առաջնորդներին նաև ներկայացրեց հարենիքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացված սոցիալական, կրթական և առողջապահական ծրագրերը՝ բարձրորեն գնահատելով այդ ծրագրերի իրագործման համար ընծայաբերումներ կատարած թեմերի և անհատ բարերարների հանձնառությունները։
Հանդիպմանը մտահոգություն արտահայտվեց նաև Հայրենիքում կրթական բարեփոխումների գործընթացի, ինչպես և հանրակրթական դպրոցից «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերման շուրջ։
Քննարկվեցին թեմական կյանքին առնչվող տարբեր հարցեր, Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներ և դրանց արդյունավետ հաղթահարման ուղիներ։
Զրույցն ամփոփվեց Ամենայն Հայոց Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով և մաղթանքով, որ Երկնավոր Տերը խաղաղ ու անվտանգ պահի Հայոց աշխարհը և օրհնի հայոց ազգը ի հայրենիս և ի սփյուռս՝ զորավիգ լինելով ազգային մեր իղձերի ու նպատակների իրագործման ճանապարհին։
Նմանատիպ նյութեր
1415 դիտում
21:56 24-06-2020
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռակապով հանդիպում է ունեցել Եվրոպայի հայոց առաջնորդների հետ
985 դիտում
23:35 02-10-2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին
Այս բաժնից
1342 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
934 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար