1537 դիտում
16:40 28-07-2020
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մարդասիրական օգնություն կտրամադրի Գյումրիում կարկուտից առավել տուժած ընտանիքներին
Հուլիսի 13-ին Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով առավել տուժած 600 ընտանիք՝ ընդհանուր առմամբ 2670 մարդ, մասնավորապես՝ Գյումրիի տնակային թաղամասում բնակվող և այլ տուժած ընտանիքներ, Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից կստանան մարդասիրական օգնություն՝ դրամական աջակցություն և անկողնային պարագաներ (400 ընտանիք՝ 1800 անձ), հագուստ և կոշիկ ձեռք բերելու վաուչերներ (200 ընտանիք՝ 870 անձ)։ Յուրաքանչյուր անձի կտրամադրվի 49 696 ՀՀ դրամին համարժեք աջակցություն (ընդհանուր առմամբ՝ 132 688 587 ՀՀ դրամ)։
Վերջին 170 տարվա ընթացքում տեղացած աննախադեպ կարկուտից հետո Գյումրու քաղաքապետարանն իրականացրել էր կարիքների նախնական գնահատում՝ հայտնաբերելու առավել խոցելի ընտանիքներին։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ որպես կառավարությանն աջակցող կառույց մարդասիրական ոլորտում, կարկուտից տուժած բնակչությանն աջակցելու նպատակով միջոցներ հայթայթելու համար համապատասխան ծրագրով դիմեց Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդին և ստացավ դրական արձագանք։
ՀԿԽԸ-ն առավել տուժած ընտանիքների կարիքների անհատական գնահատում և ցուցակների վերջնական ճշգրտում կիրականացնի Գյումրու քաղաքապետարանի հետ սերտ համագործակցությամբ։
----------------------------------------
Հավատարիմ մնալով իր մարդասիրական առաքելությանը՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մշտապես արձագանքել է հանրապետությունում տեղի ունեցած խոշոր աղետներին՝ առավել տուժածներին տրամադրելով մարդասիրական օգնություն։ Մասնավորապես՝ վերջին տարիների ընթացքում․
• 2013 թվականին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մարդասիրական օգնության տրամադրեց Արմավիրի մարզի կարկուտից առավել տուժած 14 համայնքներում: 4000 մարդու տրամադրվեցին սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ: Յուրաքանչյուր փաթեթի պարունակությունը հաշվարկված էր բավարարելու տուժած ընտանիքների 2-3 ամսվա սննդի և հիգիենիկ պարագաների կարիքները: 12 ընտանիք: Մարդասիրական օգնության համար Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամի կողմից հատկացվել էր մոտ 100 մլն. ՀՀ դրամ կամ` 224 400 շվեյցարական ֆրանկ:
• 2016թ․ օգոստոսի 9-ին և 10-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) մարդասիրական օգնություն տրամադրեց Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում և Շիրակի մարզի Արթիկ քաղաքում` հունիսի 24-ի հեղեղի հետևանքով տուժածներին:
Կարճաղբյուր համայնքում սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ և կանխիկ գումար ստացան 120 ընտանիք, իսկ Արթիկում` 12 ընտանիք: Մարդասիրական օգնության համար Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամի կողմից հատկացվել էր մոտ 20 881 908. ՀՀ դրամ կամ` 43 686 շվեյցարական ֆրանկ:
• 2017թ․ հոկտեմբերի 25-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) մարդասիրական օգնություն տրամադրեց Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սիլիկյան 23 փողոցի 9 շենքում հոկտեմբերի 22-ի խոշոր հրդեհի հետևանքով տուժած 11 ընտանիքներին՝ 23 մարդու: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների՝ մարզպետարանի և քաղաքապետարանի հետ, պատահարից անմիջապես հետո ձեռնամուխ եղավ տուժածների առաջնային կարիքների արագ գնահատմանը: Գնահատման արդյունքների հիման վրա ձևավորելով կենսական անհրաժեշտության պարագաների ցանկը, որպես արագ արձագանք, ՀԿԽԸ-ն այսօր տուժածներին տրամադրեց 1 ամսվա համար նախատեսված սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ, ծալովի մահճակալներ, տաք ծածկոցներ, ձմեռային կոշիկ, բաճկոններ և տաբատներ, սպորտային հագուստ և խալաթներ:
• 2018թ․ ՀԿԽԸ-ն մարդասիրական օգնություն տրամադրեց Շիրակի մարզի Առափի, Սառնաղբյուր և Նահապետավան համայնքների օգոստոսի 17-ին և 18-ին տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով ամենաշատը տուժած 1097 ընտանիքի՝ ընդհանուր առմամբ 5012 մարդու, որոնցից յուրաքանչյուրն ստացավ 22 440 ՀՀ դրամ (ընդհանուր առմամբ՝ 112 469 280 ՀՀ դրամ)։
• 2019թ․ հունիսի 24-ին տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով Շիրակ, Հովիտ, Կամո, Բասեն, Ջրառատ, Կառնուտ բնակավայրերի առավել տուժած 960 ընտանիք՝ ընդհանուր առմամբ 4300 մարդ, Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից ստացավ մարդասիրական օգնություն՝ դրամական աջակցության տեսքով։ Այդ ընտանիքների յուրաքանչյուր անդամ ստացավ 35 215 ՀՀ դրամ (ընդհանուր առմամբ՝ 151 424 500 ՀՀ դրամ)։
————————————————————————————————————————————
ՀԿԽԸ-ն Շիրակի մարզում արդեն երկար տարիներ է, ինչ իրականացնում է բազմաբնույթ ծրագրեր՝ աջակցելով միայնակ առավել խոցելի տարեցներին, երեխաներին ու երիտասարդներին, անհայտ կորածների ընտանիքներին, անապահով ընտանիքներին, խոցելի համայնքներին, տուբերկուլյոզով հիվանդներին։
Այդ գործունեությունն ընդգրկում է՝ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի կառավարումը, աղետների ռիսկի կառավարում և համայնքների դիմակայունության բարձրացում, տարեցների տնային խնամքի և առողջ երկարակեցության մոդելի ներդրում, սոցիալ – հոգեբանական աջակցություն, մարդասիրական արժեքների տարածում։
Իրականացվող գործունեությանն առավել մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.redcross.am/branches/shirak-regional-branch.html։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։
Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 100 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:
ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:
Նմանատիպ նյութեր
1678 դիտում
13:21 23-07-2019
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մարդասիրական օգնություն կտրամադրի Շիրակի մարզի կարկուտից տուժած ընտանիքներին
1623 դիտում
16:16 16-09-2019
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մարդասիրական օգնություն է տրամադրում Շիրակի կարկուտից տուժած ընտանիքներին
Այս բաժնից
718 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
595 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
406 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը