2553 դիտում
14:31 23-07-2020
Ներդրումային-սոցիալական ծրագրի իրականացման արդյունքում կլուծվի վթարային շենքի բնակիչների վերաբնակեցման հարցը
Գործադիրն ընդունել է ներդրումային-սոցիալական ծրագրին հավանություն տալու, «Նոբբի» ՍՊԸ-ին ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելուն համաձայնություն տալու մասին որոշում: Ընկերությունը Երևանի քաղաքապետարան է ներկայացրել Աջափնյակ թաղամասում իրականացվող ներդրումային-սոցիալական ծրագիր: Արզումանյան փողոցի 8/1 հասցեի հողամասը սեփականության իրավունքով պատկանում է ընկերությանը, այն գտնվում է նույն Արզումանյան փողոցի 8ա հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքի հարևանությամբ: Արդեն մի քանի ամիս է ընկերությունը տրամադրված քաղաքաշինական փաստաթղթերի համաձայն իրականացնում է բնակելի շենքի կառուցապատում: Ծրագրով նախատեսվում է Արզումանյան փողոցի հ.8ա հասցեում գտնվող վթարային շենքի բնակիչներին նոր բնակելի տարածքներ հատկացնելու միջոցով վերաբնակեցնել «Նոբբի» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Արզումանյան փողոցի հ.8/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենք: Ընկերությունը պարտավորվում է սեփականության իրավունքով իրեն պատկանող Արզումանյան փողոցի հ.8/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից տրամադրել 2200.0քմ մակերեսով բնակելի տարածք՝ Արզումանյան փողոցի հ.8ա հասցեում գտնվող վթարային շենքի բնակիչներին՝ վերաբնակեցնելու նպատակով: Ընկերությունը պարտավորվում է նաև օտարվող հողամասի սահմաններում նախատեսվող բազմաբնակարանային շենքային համալիրի կառուցապատումից հետո Երևան համայնքին տրամադրել 800.0քմ մակերեսով բնակելի տարածք, սեփական միջոցների հաշվին իրականացնել Արզումանյան փողոցի հ.8ա հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքի ապամոնտաժման աշխատանքներ, որից հետո շուրջ 350.0քմ մակերեսով հատվածը բարեկարգել, կանաչապատել, հիմնել պուրակ և նվիրել Երևան համայնքին:
Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը փորձում է ներդնել վթարային շենքերի բնակիչների հարցերը լուծելու մեխանիզմ: «Եթե այս նախագիծն աշխատի՝ կնշանակի, որ մենք գործընթացը սկսել ենք և պատկերացում ունենք, թե ինչպես պետք է այդ հարցը լուծենք: Երկար ժամանակ քննարկում էինք, խնդիրն այն էր, որ պետք է նաև ներդրողների կողմից հետաքրքրություն լիներ: Հիմա շատ ուրախ եմ արձանագրել, որ այդպիսի առաջին գործնական, կոնկրետ հետաքրքրությունն ունենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ խնդիրն այն է, որ Երևանը ներդրողների համար ավելի գրավիչ է, քան մարզերը. «Բայց մենք պետք է աշխատենք, որպեսզի մարզերում այդ գործընթացը նույնպես գրավիչ դարձնենք: Հույս ունենք, որ այս գործընթացը կընդլանվի, կհայտնվեն նոր հետաքրքրություններ, նոր ներդրողներ , որի արդյունքում վթարային շենքերի ահագնացող պրեբլեմը ՀՀ-ում կսկսվի լուծվել»:
Կառավարության մեկ այլ որոշմամբ ՀՀ-ի սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Մոսկովյան 5 հասցեում գտնվող 1333.6 քառ.մետր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.044121 հեկտար մակերեսով հողատարածքը հետ է վերցվել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից և ամրացվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: Որոշմամբ նախատեսվում է նաև Կոմիտեին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Մոսկովյան 13 հասցեում գտնվող 2418.3 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.23824 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով՝ ելնելով պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման քաղաքականությունից և ՀՀ պետբյուջե լրացուցիչ մուտքեր ապահովելու անհրաժեշտությունից։ Մոսկովյան 13 հասցեում գտնվող անշարժ գույքն ընդգրկված է եղել օտարման ենթակա անշարժ գույքի ցանկում։ Այդ հասցեում գտնվող անշարժ գույքը դեռևս խորհրդային շրջանից օգտագործվում է որպես պոլիկլինիկա, որից սպասարկվող բնակչության թիվը կազմում է 15787 մարդ, ուստի բուժհաստատության գործունեության տեղափոխումը այլ վայր կառաջացնի անհարմարություն սպասարկվող բնակչության համար։ Ըստ այդմ՝ նախատեսվում է նաև «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի աշխատակազմը տեխափոխել Մոսկովյան 5 հասցեում գտնվող շենք՝ հետագա գործունեության համար։
Նմանատիպ նյութեր
1604 դիտում
16:51 24-09-2015
Մինչև տարեվերջ կլուծվի մայրաքաղաքի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը
733 դիտում
20:27 05-10-2015
Մինչև տարեվերջ ամբողջությամբ կլուծվի մայրաքաղաքի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը
Այս բաժնից
934 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
964 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի