211652_close_icon
views-count5373 դիտում article-date 21:20 19-07-2020

Կարող եմ ենթադրել, որ սա Ադրբեջանի կողմից սխալ հաշվարկ էր. Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Sky News Arabia» հեռուստաընկերությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Sky News Arabia» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանում առաջացած լարվածությանը: [b]Հարց. Որո՞նք են Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ռազմական բախումների պատճառները: [/b] Զոհրաբ Մնացականյան. Շատ շնորհակալ եմ այսօր Ձեր ծրագրում ինձ հյուրընկանելու համար: Պատճառները բազմաթիվ են, սակայն, իմ կարծիքով, հիմնական պատճառն այն է, որ հուլիսի 12-ին Հայաստանի ուղղությամբ հարձակում գործելով՝ Ադրբեջանը ևս մեկ անգամ փորձ արեց միակողմանի զիջումներ պարտադրել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի հարցում: Ես կարծում եմ, որ մենք հերթական անգամ ի ցույց դրեցինք, որ կա Լեռնային Ղարաբաղի համակարտության միայն մեկ լուծում. լուծում, որը հիմնված է ամուր փոխզիջման վրա երեք ներգրավված կողմերի՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև: Ադրբեջանի առավելապաշտությունն խաղաղ գործընթացում առաջընթաց գրանցելու միակ խոչընդոտն է: Ադրբեջանի ղեկավարության՝ Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված շարունակական ագրեսիվ, թշնամական, ռազմատենչ հռետորաբանությունը, Հայաստանին և Արցախին ուղղված պատմական պահանջները, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը եղել են այսօրվա մեր իրադրության ակնհայտորեն ընդգծված պատճառները: Սա նոր փորձ էր, սակայն կարծում եմ, որ ևս մեկ անգամ պարզորոշ կերպով ի ցույց դրվեց, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում, որ հակամարտությունը հնարավոր է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ կարծում եմ, որ ևս մեկ անգամ շատ հստակ ձևով ի ցույց դրվեցին Հայաստանի պաշտպանական կարողությունները: Մենք շարունակում են հանձնառու լինել բացառապես խաղաղ կարգավորմանը և ամենաորոշիչ և վճռական ձևով մերժում ենք ռազմական լուծումը: [b]Հարց. Նախքան քաղաքական և խաղաղ կարգավորման մասին խոսելը, ցանկանում եմ իմանալ, եթե հիմնական հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ է, ապա ինչու՞ են այս անգամ ռազմական բախումները երկրի հյուսիս-արևելյան սահմանին ընթանում։ [/b] Զոհրաբ Մնացականյան. Կարող եմ ենթադրել, որ սա Ադրբեջանի կողմից սխալ հաշվարկ էր. միգուցե նրանց թվացել էր, որ Հայաստանի պաշտպանական կարողությունները խոցելի են տվյալ հատվածում, և նրանք կարող էին ներթափանցել Հայաստանի տարածք այդ հատվածից: Սակայն, կարծում եմ, նրանք ականատես եղան, որ Հայաստանի պաշտպանական կարողություններն ուժեղ են, և որ իրավիճակն ապակայունացնելու, այս հակամարտության աշխարհագրությունը Լեռնային Ղարաբաղից անդին ընդլայնելու և Հայաստանի հետ լայնամասշտաբ պատերազմ ծավալելու փորձերն առավել հստակորեն և վճռականորեն տապալվեցին։ [b]Հարց. Ադրբեջանին Թուրքիայի աջակցության առնչությամբ ո՞րն է Ձեր մեկնաբանությունը: Էրդողանը նշել է, որ իրենք լիովին Ադրբեջանի կողքին են, իսկ Թուրքիայի պաշտպանության նախարարը ասել է, որ վրեժխնդիր են լինելու այս բախումների ընթացքում Ադրբեջանի բանակի սպանվածների համար։ [/b] Զոհրաբ Մնացականյան. Չեմ կարող ասել, որ մենք զարմացած էինք Թուրքիայի դիրքորոշումից, որը հանդիսանում է ապակայունացնող գործոն ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ նաև մյուս բոլոր հարևան տարածաշրջաններում: Մենք ականատես ենք եղել ուժի, ներթափանցման և միջամտության այսօրինակ դրսևորմանն այլ տարածաշրջաններում, այդ թվում Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում: Փորձ է կատարվում Թուրքիայի այս նեո-օսմանական քաղաքականությունը հետապնդել նաև մեր տարածաշրջանում: Մենք ուշադրությամբ հետևում էինք այդ հայտարարություններին, և այդ հայտարարության մեջ տեղ գտած դրույթներից մեկը մեր տարածաշրջանում Թուրքիայի պատմական առաքելության մասին է: Մենք ստիպված ենք հիշեցնել, որ դա տխրահռչակ, հանցավոր առաքելություն է, դա մի առաքելություն է, որն իր մեջ կրում է անցյալ դարասկզբին Հայոց ցեղասպանության իրագործման հիշողությունը: [b]Հարց. Հիշատակելով Ցեղասպանությունը և այն, ինչ տեղի է ունեցել պատմության ընթացքում, արդյո՞ք դա է պատճառը, որ այս բախումներում և վերջին դեպքերի ժամանակ Թուրքիան բացահայտորեն աջակցում է Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի։ [/b] Զոհրաբ Մնացականյան. Ինչպես ասացի, սա տարածաշրջանում ուժի և ուժային քաղաքականության դրսևորում էր, որ արտահայտեց նրանց նկրտումները, մեր տարածաշրջանում անկայունություն սերմանելու նրանց քաղաքականությունը: Թուրքիայի այս շատ վտանգավոր աշխարհաքաղաքական քաղաքականությունը որևէ կերպ չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը և որևէ կերպ չի նպաստում ամուր, ուժեղ կայունությանը մեր տարածաշրջանում: Այս քաղաքականությունը կտրականապես հակասում է մյուս գործընկերների և հարևան երկրների քաղաքականությանը, որոնք ավելի հավասարակշռված են եղել, ավելի զգուշավոր և ընկալող, որ մեր տարածաշրջանում չի կարող լինել խաղաղություն տարածաշրջանի որևէ երկրի հաշվին: Ուստի, Թուրքիայի միակողմանի մոտեցումը, Ադրբեջանի հետ ցեղային ընդհանրության վրա հիմնված քաղաքականությունը սնում է անկայունություն: [b]Հարց. Արդարացի՞ եք համարում այն, որ Թուրքիան ռազմական տեսանկյունից աջակցում է Ադրբեջանին: Թուրքիայի ռազմաարդյունաբերության նախարարն ասել է, որ այս բախումներում կներդնեն իրենց ամբողջ ռազմաարդյունաբերական հնարավորությունները Հայաստանի դեմ Ադրբեջանին աջակցելու համար։ Հայաստանը դիմելո՞ւ է որևէ միջազգային կամ այլ աջակցության: [/b] Զոհրաբ Մնացականյան. Հայաստանն ունի պատշպանվելու սեփական կարողությունները: Հայաստանը նաև համագործակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մյուս երկրների հետ: Հայաստանն աշխատանքներ է իրականացնում բազմաթիվ գործընկերների հետ, Հայաստանը նաև փոխգործակցում է ՆԱՏՕ-ի հետ: Հայաստանը երկիր է, որն աշխատում է կայունության ուղղությամբ և մերժում է որևէ ռազմական լուծում, ռազմական ճանապարհով տարածաշրջանային քաղաքականության իրականացում: Մենք վճռականորեն կմերժենք նման քաղաքականությունը դիվանագիտական հարթակում, քաղաքական առումով և մենք, անշուշտ, պատրաստ կլինենք պաշտպանելու: Սակայն անկայունության որևէ ռազմական ընդլայնում և ռազմական լուծումների հետապնդում աղետալի կլինեն ողջ տարածաշրջանի համար: Դա նաև ի ցույց կդնի ևս մեկ անգամ Թուրքիայի շատ ապակառուցողական և վտանգավոր քաղաքականությունը: [b]Հարց. Ռուսաստանի դերի մասին։ Այժմ այնտեղ անակնկալ զորավարժություններ են իրականացվում երկու ռազմական շրջաններում` հարավային և արևմտյան, ինչպես նաև առկա է ռուսական միջնորդությունը։ Արդյո՞ք ապավինում եք վերջինիս՝ ռազմական բախումները դադարեցնելու հարցում։ [/b] Զոհրաբ Մնացականյան. Նախ և առաջ, թույլ տվեք կրկին անդրադառնալ նրան, թե ինչ ճանապարհով ենք հետամուտ լինում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Խաղաղ կարգավորումն առաջնահերթ գերակայություն է: Այն տեղի է ունենում միջազգայնորեն ճանաչված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որը ներառում է Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը: Ռուսաստանը շատ կառուցողական կերպով աշխատանք է իրականացրել մյուս երկու երկրների հետ՝ բոլոր շահագրգիռ կողմերի՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար ընդունելի, փոխզիջումային լուծում գտնելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է Հայաստանին ու Արցախին, մենք լիովին հանձնառու ենք այնպիսի լուծման, որը փոխզիջումային է, որը զգուշորեն մշակված է՝ բավարարելու անվտանգային շահերը, անվտանգային խնդիրները, բոլոր կողմերի առաջնահերթությունները, և Ռուսաստանը շատ զգուշավոր է եղել իր քաղաքականության մեջ՝ փնտրելու բացառապես խաղաղ լուծումներ: Մենք մեծապես ողջունում ենք այդ քաղաքականությունը և կշարունակենք աշխատել Ռուսաստանի հետ, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ՝ խաղաղ կարգավորման գործընթացին հետամուտ լինելու համար։ Պատերազմը տարբերակ չէ։ Դա աղետ է ողջ տարածաշրջանի համար: Մենք լիովին և կտրականապես մերժում ենք ռազմական որևէ լուծում, որևէ պատերազմ մեր տարածաշրջանում: Սա է մեր քաղաքականությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր