211652_close_icon
views-count1718 դիտում article-date 19:57 17-07-2020

ԱԺ նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են Տավուշի մարզի քաղաքացիական բնակավայրերը հրետանակոծելու վերաբերյալ փաստահավաք աշխատանքների արդյունքները

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: Պաշտպանն ԱԺ նախագահին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի Բերդ, Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր եւ մի շարք այլ քաղաքացիական բնակավայրերը հրետանակոծելու վերաբերյալ փաստահավաք աշխատանքների արդյունքները: Այս մասին տեղեկացնում է հասարակայնության հետ կապերի եվ հաղորդակցության վարչությունը։ Արման Թաթոյանը, մասնավորապես, նշել է, որ իրավապաշտպան բնույթի փաստահավաք աշխատանքները վեր են հանել հավաստի տվյալներ այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի խաղաղ բնակավայրերը հրետանակոծել են քաղաքացիական բնակչության կյանքի, նրանց առողջության համար ակնհայտ վտանգավոր եղանակով: Այդ մասին են վկայում բնակիչների տներին հասցված վնասները: Փաստահավաք աշխատանքները վկայում են նաեւ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումների մասին. հրետանակոծությունն իրականացվել է տեքստիլ գործարանի ուղղությամբ աշխատանքային ժամի, որն իրականացնում է նոր կորոնավիրուսի կանխարգելման համար նախատեսված բժշկական դիմակների արտադրություն: Չինարիում հրետանակոծումներն իրականացվել են գյուղի դպրոցի ուղղությամբ, որի մասին վկայում են չպայթած արկերը: Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ առաջնային աղբյուրից ձեռք բերված հավաստի տվյալները, անհրաժեշտ ուսումնասիրությունների արդյունքները կուղարկվեն ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ ՀՀ համապատասխան պետական ու հասարակական իրավապաշտպան կառույցներին: Ազգային ժողովի նախագահը կարեւորել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած տվյալները եւ ընդգծել է քաղաքացիական բնակչության պաշտպանության հրատապ անհրաժեշտությունը: Արարատ Միրզոյանը նշել է, որ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանակոծությունների առաջին իսկ օրից անմիջականորեն հետեւում է իրադարձություններին: Խորհրդարանականները իրականացնում են ստացված տվյալների վերլուծություն, ապահովում կապն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գործընկերների հետ: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը կրկին խստորեն դատապարտել է քաղաքացիական բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը ադրբեջանական զինված ուժերի կողմից, ինչպես նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը Մեծամորի ատոմային էլեկտրակայանը հրթիռակոծելու վերաբերյալ: Հանդիպման ավարտին Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է ԱԺ նախագահի կողմից նման հարցերում ցուցաբերվող իրավունքահեն մոտեցման, ինչպես նաեւ փաստահավաք աշխատանքների վերաբերյալ խորհրդարանի ղեկավարի մոտեցումների կարեւորությունը: Կողմերն ընդգծել են, որ միմյանց միջեւ ձեւավորված բարձր որակի կայուն համագործակցությունն արդյունավետ աշխատանքի երաշխիք է, ինչպես նաեւ պայմանավորվել են շարունակել նմանօրինակ քննարկումները:

Նմանատիպ նյութեր