38291 դիտում
11:40 10-07-2020
Դանակահարություն Երևանում. 45-ամյա տղամարդն անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց. ժամանել են տարածքի ոստիկանապետը, քննչականի պետն ու դատախազը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 9-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված ու անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Շմավոնյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վարդանյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Արագածի փողոցի բնակիչ՝ 45-ամյա Արսեն Պ-ն է։
Ըստ բժշկի տեղեկանքի՝ վերջինս ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Արսեն Պ-ն դանակահարվել է հիվանդանոց բերվելուց մոտ 20 րոպե առաջ՝ իրենց շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձի կողմից։
Փաստի առթիվ քննչական բաժնի ավագ քննիչ Ավագյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Շենգավիթի դատախազ Գևորգ Գևորգյանը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահատելու, կատարողին կամ կատարողներին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: