1640 դիտում
12:06 08-07-2020
ԳԱԱ-ում անցկացվել է Հայոց Նահապետ Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին նվիրված առցանց գիտաժողով
Հուլիսի 6-ին մեկնարկեց եռօրյա առցանց գիտաժողով՝ նվիրված հայ մեծ բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, Հայոց Նահապետ Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200- ամյակին:
Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: «Արժևորել Ղևոնդ Ալիշանի հիշատակը նշանակում է հետադարձ հայացք նետել մեր ժողովրդի անցած պատմական ուղուն, ստեղծած մշակութային անանց արժեքներին և գրականությանը, ինչպես նաև այդ ամենի ուսումնասիրման գործում արժևորել Մխիթարյան միաբանության դերը, որովհետև ինչպես իրավացիորեն նշվել է տարբեր հետազոտողների կողմից, Ալիշանը դարձավ Մխիթարյան հայագիտության և Մխիթարյանների ստեղծած ողջ գրականության հանրագումարը: Ուրախությամբ պետք է նշել, որ գիտաժողովն այնպես է կառուցված, որ յուրաքանչյուր նիստ ներկայացնում է Ալիշանի գիտական ժառանգության մի բնագավառը՝ պատմագիտություն, պատմական աշխարհագրություն, գրականագիտություն, գրականություն և արվեստ:
Բաժանմունքներից յուրաքանչյուրն իր հերթին ներառում է տվյալ բնագավառին վերաբերող այն հարցերը, որոնց անդրադարձել է Ալիշանը: Գիտաժողովն առավել ցայտուն վեր կհանի հայ գրականության և հայագիտության զարգացման գործում Ալիշանի ունեցած դերը, կընդգծվի այն ներդաշնակ միասնությունը, որ կար Ալիշան գրողի, գիտնականի և հայրենասերի միջև, որը պայմանավորեց նրա անանց հմայքը»,- իր ելույթում, մասնավորապես, ասաց Ռադիկ Մարտիրոսյանը՝ նշելով, որ Ալիշանի հոբելյանին նվիրված այս գիտաժողովը նոր սկիզբ կդառնա Հայոց Նահապետի գիտագրական ժառանգության ուսումնասիրության գործում:
Ողջույնի ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Տ. Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը, Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Վահան Տեր-Ղևոնդյանը, Հայաստանի գրողների միության քարտուղար բանասիրական գիտությունների դոկտոր Պետրոս Դեմիրճյանը: Այնուհետև տեղի ունեցավ Մխիթարյան միաբանության հայրերից Վահան վարդապետ Օհանյանի՝ Ղևոնդ Ալիշանի նամակագրական ժառանգությունն ամփոփող ժողովածուի էլեկտրոնային տարբերակի շնորհանդես-ներկայացումը: Ցուցադրվեց Ղևոնդ Ալիշանին նվիրված վավերագրական ֆիլմ, որը պատրաստվել է Վենետիկում:
Եռօրյա գիտաժողովին մասնակցում են ՀՀ ԳԱԱ ինստիտուտների, ԲՈՒՀ-երի, Մխիթարյան միաբանության, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գիտաշատողներ, վարդապետներ:
Գիտաժողովի թեմատիկ նիստներում նրանք հանդես կգան շուրջ 60 գիտական զեկուցումներով՝ ներկայացնելով Ղևոնդ Ալիշանի գիտագրական ժառանգությունը: Կվերլուծվեն Ալիշանի ստեղծագործությունները, կներկայացվի, թե ինչպես է Հայոց Նահապետի կերպարն արտացոլվել հայ գրականության և արվեստի մեջ: Մեծ թիվ են կազմում Ալիշանի դեռևս անտիպ աշխատանքները, որոնց մասին տեղեկություններ կտրվեն գիտաժողովի ընթացքում և կներկայացվեն դրանց հրատարակության հետ կապված հարցերը։
Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը (Մատենադարան):
Ղևոնդ Ալիշանը (Քերովբէ Պետրոս–Մարգարի Ալիշանեան) ծնվել է 1820թ. հուլիսի 6-ին Կոստնանդնուպոլսում՝ դրամագետ–հնագետի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը տեղի Չալըխյան վարժարանում ստանալուց (1830-1832թթ.) հետո ուսումը շարունակել է Վենետիկի Մխիթարյանների դպրոցում (1832-1841թթ.)։ Հետագայում աշխատել է Ռափայելյան վարժարանում որպես ուսուցիչ (1841-1850թթ., ապա՝ 1866-1872թթ.), տեսուչ (1848-ից), «Բազմավեպ»-ի խմբագիր (1849-1851թթ.), ուսուցիչ Փարիզի Մուրատյան վարժարանում (1859-1861)։ 1872թ-ից ամբողջովին նվիրվել է գիտական գործունեության։ Եղել է Ֆրանսիական ակադեմիայի Պատվո լեգեոնի դափնեկիր (1886թ.), Ենայի փիլիսոփայական ակադեմիայի պատվավոր անդամ և դոկտոր, անդամակցել է իտալական և ռուսական գիտական ընկերությունների։
Իր գիտական հսկայական ժառանգությամբ Ալիշանը մեծապես նպաստել է հայրենական գիտության զարգացմանը։ Նրա գործերից շատերն այսօր էլ ունեն ճանաչողական արժեք և սկզբնաղբյուրի նշանակություն։
Ղևոնդ Ալիշանը մահացել է 1901 թվականի նոյեմբերի 9–ին և թաղվել Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
08.07.2020թ.
Նմանատիպ նյութեր
1655 դիտում
14:37 30-04-2021
Գիտական նստաշրջան Պետերբուրգում՝ նվիրված Մկրտիչ Խրիմյանի և Հայր Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակներին
Այս բաժնից
898 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»