211652_close_icon

Եթե պարզվի՝ անարդար ավելի լումա ենք վերցրել որևէ մեկից, հետ կվերադարձնենք. Փաշինյան

views-count568 դիտում article-date 14:39 20-11-2025
Նախ՝ 2024 թվականին պակասուրդ չկա, և՝ «2024-ի պակասուրդ լրացնել» հասկացություն գոյություն չունի: Որովհետև, եթե որևէ մեկը փաստ ունենար, որ պետությունը 2024 թվականին որևէ ծրագիր չի կատարել, կարելի էր մտածել, բայց նման բան չկա: Բնականաբար, չկա նաև ձեր ասածի շարունակությունը: Ես, ընդհանրապես, հրապարակային այդ թեմային բազմիցս անդրադառնում եմ: Այս մասին կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հետևյալ հարցին. «Մի շարք կազմակերպություններ, տնտեսագետներ  հայտարարում են, որ ՊԵԿ նախագահի առաջ պայման է դրված՝ ապահովելու ոչ միայն 2025 թվականի հարկային մուտքերը, այլև՝ փակելու 2024  թվականի՝ 224 միլիարդ դրամի պակասուրդը, և, որ հիմա հարկային ծառայությունն անցել է հարկային տեռորի»:  

Փաշինյանն ավելացրել է. «Իմ հանձնարարականը ներպետական մարմիններին՝ հետևյալն է՝ ես, ասում եմ, որ ՀՀ որևէ հարկ վճարող չպետք է հիմք ունենա՝ ասելու, որ կառավարությունը կամ հարկային մարմիններն իրենցից գանձել են թեկուզ՝ մի լումա ավելի գումար, քան՝ պետք է վերցներ՝ օրենքով նախատեսված կարգով: Եվ, սա շատ հստակ է: Երկրորդ, բայց շարունակությունն էլ կա՝ ես ասում եմ, որ Հայաստանում չպետք է լինի հարկային պարտավորություններից խուսափելու որևէ մեխամիզմ և պրակտիկա: 

Վարչապետի խոսքով՝ կան տնտեսավարողներ, ովքեր դիմել են, և ասում են, որ իրենց կարծիքով այս սկզբունքը խախտվում է:

«Ես մի քանի նամակներ ստանալուց հետո, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին հանձնարարել եմ, որպեսզի, և հրավիրեն նամակի հեղինակ- տնտեսավարողներին, և մեր մարմիններին, որպեսզի գործընկերային, բարեկամական մթնոլորտում՝ ոչ ՊԵԿ-ում, հասկանանք՝ իրոք կա՞ն անարդարություններ, իրոք, մենք, ինչ-որ մի բան սխա՞լ ենք անում մեր տնտեսավարողների նկատմամբ, իհարկե՝ չուզենալով, որովհետև, մենք դա չենք ուզում, որովհետև, մենք, ահռելի հարգանք և պատկառանք ունենք մեր բոլոր հարկ վճարողների նկատմամբ: Ես առիթը բաց չեմ թողնում նրանց շնորհակալություն հայտնել՝ աշխատելու, արդյունք ստեղծելու և օրենքով սահմանված հարկերը վճարելու համար»,-ավելացրել է Փաշինյանը:

«Բոլոր այն դեպքերում, երբ կարձանագրվի՝ անարդար մի լումա գումար ենք վերցրել որևէ մեկից, այդ գումարները վերադարձնելու ձևերը կգտնենք: Դա դեմ է մեր ընկալմանը, աշխարհայացքին, գաղափարախոսությանը»,- ասել է վարչապետը:

Նմանատիպ նյութեր