211652_close_icon
views-count3341 դիտում article-date 16:36 28-06-2020

Կորոնավիրուսը հաղթեց Հայաստանին․ ձեռնարկված ու ձեռնարկվող միջոցներն իմիտացիոն բնույթի են, և իշխանությունը չունի աղետը հաղթահարելու որևէ ռազմավարական միտք ու ծրագիր․ Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստան» նախաձեռնության անդամ», փաստաբան Նորայր Նորիկյանը «Կորոնավիրուսը հաղթեց Հայաստանին․ Սա տապալում է և չպետք է մնա անհետևանք» խորագրով ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի վարակին այդ առիթով գրել է․ «Ինձ համար արդեն իսկ պարզ է, որ թե՛ իշխանությունը, թե՛ հասարակությունը համակերպվել է կորոնովիրուսի հրեշավոր ներկայության հետ։ Ձեռնարկված ու ձեռնարկվող միջոցներն արդեն իսկ կրում են իմիտացիոն բնույթ, և ցավալի է, որ իշխանությունը չունի այս աղետը հաղթահարելու որևէ ռազմավարական միտք ու ծրագիր։ Ըստ էության, ամեն ինչ թողնված է Աստծո հույսին։ Սա տապալում է։ Ուզում եք մեղադրեք հասարակությանը, յուրաքանչյուրիս անհատապես, ի՛նչ ուզում եք՝ ասե՛ք, սա տապալում է։ Կորոնավիրուսը հաղթեց Հայաստանին։ Բայց ես հեռու եմ այն մտքից, որ սա պետք է մնա անհետևանք։ Ես պնդում եմ, պարո՛ն վարչապետ, որ կորոնավիրուսի այս խայտառակ պատկերի ու ստեղծված իրավիճակի համար պետք է գլուխներ «թռնեն», ավելի՛ն, այդ գլուխներն արդեն պետք «թռած» լինեին։ Ես պնդում եմ, որ Ձեր կառավարությունը հանրությանը պետք է հաշվետվություն ներկայացնի, թե ինչու՞ այս համավարակը հասավ աղետալի չափերի, երբ իրավասու մարմինները վերջին երեք ամիսներին առիթը բաց չէին թողնում` հիմնավորելու համար, որ Ձեր կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը՝ հայտարարված արտակարգ դրությունը և դրանից բխող բոլոր սահմանափակումները, հայտնի աղմկահարույց «Տեղորոշման» մասին օրենքի ընդունումը, և այլ քայլեր, ճիշտ են ու արդյունավետ։ Այս դատարկախոսության ու մեծամտության համար ո՞վ ու ե՞րբ պետք է պատասխան տա, և վերջապես՝ ե՞րբ պետք է ձեռնարկվեն կոնկրետ ու կտրուկ քայլեր՝ այս աղետի դեմն առնելու համար»։

Նմանատիպ նյութեր