211652_close_icon
views-count7220 դիտում article-date 10:48 25-07-2017

Փաստերի հետ գործ ունեցող վերլուծական միտք չկա, կա «քլնգող» կամ «փառաբանող» միտք. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները լուրջ ներուժ ունեն: Թուրքիայի և Ադրբեջանի հետ Իրանի հարաբերություններում խնդիրներ են առաջացել, որոնք, կարծես թե, մոտակա տարիներին չեն լուծվելու: Իրանին այլընտրանքային ճանապարհներ են պետք, և այս պարագայում հայկական ուղղությունը ռազմավարական է դառնում: Թե որքանով է դա մեզ պետք՝ առանձնապես ապացուցելու խնդիր չկա: Եթե մեր երկրի տարածքում կառուցվի նորմալ թողունակությամբ գազատար, առավել ևս` երկաթուղի, դա էական նշանակություն կունենա մեր տնտեսության համար: Եթե Հայաստանում և, ինչու չէ, նաև Արցախում լինեն իրանական կապիտալով ձեռնարկություններ, դա կարևոր դեր կխաղա նաև անվտանգության առումով: Ինչն է դրան խանգարում: Շատերը վստահ են, որ խնդիրը ոչ թե գումարների բացակայությունն է, այլ Ռուսաստանի հակազդեցությունը: Թերևս դա այդպես է: Բայց: Ասելիքս հենց այդ «բայց»-ից հետո է: Կա երկու ճանապարհ՝ կա՛մ կշտամբել Ռուսաստանին, նեղանալ այդ երկրի ղեկավարությունից, մեղադրել նրան, կա՛մ հասկանալ, թե որն է այդ երկրի շահը, և փորձել բանակցությունների միջոցով մոտեցնել, համադրել այդ շահը Հայաստանի և Իրանի շահերի հետ: Մինչդեռ Ռուսաստանի վերաբերյալ լուրջ վերլուծությունների փոխարեն մենք հիմնականում կարդում ենք կա՛մ անկապ «քլնգոցներ», կամ էլ Պուտինի իմաստությունը փառաբանող ձոներ: Թվերի և փաստերի հետ գործ ունեցող վերլուծական միտք, որպես այդպիսին, չկա, կա «քլնգող» կամ «փառաբանող» միտք, որից ոչ մի օգուտ չկա՝ բացի Ռուսաստանը սիրողների կամ ատողների սիրտը հովացնելուց: Նույնը՝ ցանկացած խնդրի դեպքում: Վերցնենք թեկուզ ամենացավոտը՝ արտագաղթը: «Վայ-վույ, սաղ գնացին, էլ մարդ չմնաց, պատճառն ապաշնորհ, ապօրինի իշխանություններն են». այդ՝ 25 տարվա ընթացքում չփոխվող հռետորաբանությունը միանգամայն տեղին է նախընտրական ժամանակահատվածում, բայց համապետական ընտրություններ մոտակա հինգ տարիներին կարծես թե չեն լինելու: Հիմա իրենց խոսքը պետք է ասեն «քարոզչական պարտավորություններից» ազատված վերլուծաբանները՝ քանի հոգի է գնացել, սոցիալական որ շերտերի, որտեղ են հիմա նրանք, ինչով են զբաղված, ինչ հնարավորություն կա նրանց վերադարձնելու: Ինչպես կարելի է կազմակերպել ավանդական Սփյուռքի ներկայացուցիչների հայրենադարձությունը: Ընդհանրապես, ինձ թվում է, Հայաստանին պետք է ոչ թե Սփյուռքի նախարարություն, որն անցկացնում է բազմաթիվ լավ կամ վատ միջոցառումներ սփյուռքահայերի համար, այլ Ներգաղթի և հայրենադարձության նախարարություն, որը կզբաղվի կոնկրետ խնդիրների վերլուծությամբ, և որի արդյունավետությունը կչափվի դրանց լուծմամբ: Խորհրդային Հայաստանի վարչապետ Ալեքսանդր Մյասնիկյանը հայրենիք գալու կոչ էր անում դրսում ապրող հայերին և չէր կարող նրանց համար ապահովել ոչ արդարություն, ոչ ժողովրդավարական կարգեր, ոչ էլ առավել ևս՝ բարեկեցիկ կյանք: Բայց ինչ-որ բան կար, որը մարդկանց բերում էր Հայաստան: Մյասնիկյանի հեռատեսությունը, կարծում եմ, նաև այն էր, որ նա հասկանում էր՝ պետք է հրավիրել նախևառաջ մտավորականներին: Իսկ թե ինչու էր (և՝ է) հատկապես դա՛ կարևոր՝ այդ մասին՝ մեկ ուրիշ անգամ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա հմարում:[/b]

Նմանատիպ նյութեր