2024 դիտում
21:34 26-06-2020
Դատախազությունն առաջարկում է խստացնել ապօրինի ընդերքօգտագործման հանցագործությունների համար նախատեսվող պատիժները
Դատախազության վերլուծության արդյունքում պարզվել է, որ ապօրինի ընդերքօգտագործման դեմ քրեաիրավական պայքարում որոշ իրավակարգավորումների անկատարության պատճառով առաջացել են լուծման անհրաժեշտություն առաջացնող օբյեկտիվ որոշ խնդիրներ:
Մասնավորապես ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի (Ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելը) 1-ին և 2-րդ մասերը համարվում են ոչ մեծ ծանրության հանցագործություններ:
Նշված հոդվածով սահմանված սանկցիաների պայմաններում անձին քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը երկու տարի է։ Մինչդեռ քրեական գործերով իրականացվող քննությունը սովորաբար տևում է բավականին երկար, քանի որ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման պահանջից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջանում իրականացնել բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողություններ, խախտման բնույթի, իրականացված աշխատանքների նորմատիվային համապատասխանության, պատճառված վնասի չափի, նախագծերը սահմանված շինարարակական պահանջներին համապատասխան կատարված լինելու և գործին վերաբերող այլ հանգամանքները պարզելու նպատակով նշանակել տարբեր՝ երբեմն նաև համալիր-հանձնաժողովային փորձաքննություններ, որոնց կատարումը խիստ ժամանակատար է։ Օրինակ՝ միայն դատաշինարարական փորձաքննությունը կարող է տևել 7-8 ամիս, նույնիսկ մինչև 1 տարի: Իսկ առանց այդ փորձագիտական եզրակացությունների, երբեմն անհնար է լինում որոշել սահմանված կանոնների խախտման բնույթը, պարզել մեղավոր անձանց շրջանակը, լուծել քրեական գործի վերջնական ընթացքը։
Բացի այն, որ վերոնշյալ պատճառներով իրականացվող քննությունները ձգձգվում են, քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկվելու դեպքում, ելնելով դատարանների ծանրաբեռնվածությունից, քրեական գործի նյութերի, ապացուցման առարկայի ծավալից՝ դատաքննությունններն իրենց հերթին կարող են տևել 2 տարի և ավելի՝ հանգեցնելով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելուն։
Եվ լինում են դեպքեր, երբ անգամ վարույթն իրականացնող մարմնի գործադրած պատշաճ ջանասիրության դեպքում անհնար է դառնում մեղավոր անձանց դատապարտել և ենթարկել իրական պատժի։
Բացի վերոնշյալը, ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի սանկցիաները խնդրահարույց են նաև այն առումով, որ նույնիսկ քրեական պատասխանատվության ժամկետների սահմաններում անձի վերաբերյալ մեղադրական դատավճիռ կայացնելիս սահմանված պատիժները մեղմ են և չեն համապատասխանում նշված հանցանքների հասարակական վտանգավորությանը։ Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով ազատազրկումը որպես պատժատեսակ ընդհանրապես նախատեսված չէ, իսկ 2-րդ մասի դեպքում թեպետ սահմանված է, սակայն առավելագույն ժամկետ է նախատեսված ընդամենը 1 տարին: Հաշվի առնելով, որ այդ հանցավոր արարքներով վնաս է պատճառվում շրջակա միջավայրին, վերջնական արդյունքում՝ անուղղակիորեն վտանգ ստեղծում բնակչության առողջության համար, այսպիսի պատժաչափերը չեն համապատասխանում այդ հանցանքի բնույթին։
Հատկապես հաշվի առնելով այդ հոդվածով քննվող քրեական գործերի աճման միտումը, դրանց քննությամբ պարզված՝ պատճառված վնասների չափերը՝ առաջացել է այս հարցում պատժողական ներգործության միջոցները խստացնելու անհրաժեշտություն՝ որը նաև կանխարգելիչ նշանակություն ունի:
Ելնելով դրանից՝ ՀՀ գլխավոր դատախազի գրությամբ ՀՀ արդարադատության նախարարին ներկայացվել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծ՝ Կառավարության քննարկմանը ներկայացնելու նպատակով:
Այս նախաձեռնությամբ ՀՀ դատախազությունն առաջարկել է ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում, որպես պատժատեսակ, նախատեսել ազատազրկումը՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելուց զրկելը նախատեսելով որպես պարտադիր լրացուցիչ պատժատեսակ։ Ինչպես նաև առաջարկվել է նույն հոդվածի 2-րդ մասի սանկցիայում խստացնել ազատազրկման ժամկետները՝ ներկայումս գործող մինչև 1 տարի ժամկետով ազատազրկման փոխարեն սահմանելով մինչև 6 տարի ժամկետով ազատազրկում։
Այս փոփոխությունների արդյունքում ինքնաբերաբար կլուծվի նաև քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների, այսինքն պատասխանատվության անխուսափելիության և սոցիալական արդարության ապահովման սկզբունքների կենսագործման խնդիրը:
Նմանատիպ նյութեր
6580 դիտում
13:44 26-05-2016
Ընտրախախտումները քրեականացնել, պատիժները խստացնել. ՀՀ գլխավոր դատախազություն
1964 դիտում
19:00 02-06-2016
Ընտրախախտումները քրեականացնել, պատիժները խստացնել. օրենքի նախագիծն ուղարկվել է ՀՀ Կառավարություն
4007 դիտում
13:49 14-09-2018
Կառավարությունը ապօրինի ծառահատման համար պատիժները խստացնելու համալիր նախագիծ է պատրաստում
Այս բաժնից
901 դիտում
19:39 26-12-2024
2025թ.-ին աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ կբարձրանա․ քաղաքապետ
634 դիտում
19:12 26-12-2024
Շիրակի մարզպետը հյուրընկալել է աշխատանքային այցով մարզում գտնվող Անահիտ Մանասյանին
841 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով