211652_close_icon
views-count910 դիտում article-date 16:04 26-06-2020

Միասնական քննությունների համար ձևավորվել է 47 քննական կենտրոն, որից 17-ը Երևանում. ԿԳՄՍ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր աշխատանքային քննարկում է անցկացրել հուլիսի առաջին տասնօրյակում անցկացվելիք ընդունելության քննությունների կազմակերպչական հարցերի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Մինչև քննարկման բովանդակային մասին անցնելը, ԿԳՄՍ նախարարը շնորհակալագրեր է հանձնել դիմում-հայտերի առցանց հարթակի` dimord.am կայքի ստեղծման մասնագիտական թիմի ներկայացուցիչներին: Նախարարը շնորհակալություն է հայտնել Գնահատման և թեստավորման կենտրոնի մասնագետներին` նշելով, որ չնայած սեղմ ժամկետներին, նրանց հաջողվել է ստեղծել տեխնիկական բավարար լուծումներով կայք, որի շնորհիվ հնարավոր է եղել համավարակի պայմաններում ապահովել դիմորդների հայտերն առցանց եղանակով համակարգ մուտքագրելն ու բուհերի ընդունելության գործընթացը բնականոն կազմակերպելը: ԳԹԿ պատասխանատուները ներկայացրել են ընդունելության միասնական քննությունների կազմակերպչական աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ կենտրոնացված քննությունների անցկացման համար ձևավորվել է 47 քննական կենտրոն, որոնցից 17-ը՝ Երևանում, մնացածը՝ մարզերում: Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի հանրապետությունում ստեղծվել էր 33 քննական կենտրոն, որից 10-ը՝ Երևանում: Քննություններից մեկ օր առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ծառայությունը կախտահանի քննական բոլոր կենտրոնները, քննական օրերին դիմորդներն ու կազմակերպչական աշխատակազմը պարտադիր կջերմաչափվեն: Համապատասխան վերահսկողություն կիրականացնեն նաև առողջապահության նախարարության և ոստիկանության ներկայացուցիչները: Ա.Հարությունյանը հանձնարարել է նաև ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները քննությունների ընթացքում դիմորդների և կազմակերպչական աշխատանքներ իրականացնող անձնակազմի վարակման ռիսկերը չեզոքացնելու և անվտանգության կանոնները պահպանելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր