211652_close_icon

Իշխանությամբ հարբելու հակվածությունը «վերջնահաշվարկով» ոչ մի դրական արդյունքի չի բերում․ «Առավոտ»

views-count2323 դիտում article-date 10:49 24-06-2020
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Նախկին իշխանությունների ներկայացուցիչները, որոնք իրենց քաղաքական նպատակներին հասնելու (իշխանությունը պահելու) համար փոխեցին ամբողջ Սահմանադրությունը, կշտամբում են ներկայիս իշխանությանը, որը համանման շարժառիթներով փոխել է Սահմանադրության մի հոդվածը: Դա, իհարկե, զավեշտ է, բայց այնպիսի մի զավեշտ, որն արտացոլում է մեր քաղաքական կյանքի օրինաչափությունը: Բանն այն է, որ մեկ հոդված փոխելով՝ ամեն ինչ չի սահմանափակվի: Ներկայիս իշխանությունն այս պահին բոլոր լծակներն ունի փոխելու ամբողջ Սահմանադրությունը, վերականգնելու կառավարման նախագահական համակարգը, որը հնարավորություն կտա ներկայիս վարչապետին ընտրվելու նախագահի պաշտոնում առնվազն երկու ժամկետով: Բայց դրանով էլ գործընթացը չի սահմանափակվի. վաղ թե ուշ կհայտնվի «նոր Փաշինյան», որն այդ՝ լճացմանն ուղղված զարգացումները կկանխի և կգա իշխանության: Այդ լիդերը նույնպես կփորձի «նախկիններից» (այսինքն՝ ներկա իշխանություններից) վրեժ լուծել, նույնպես մտավախություն կունենա, որ իր պաշտոնանկության դեպքում հաջորդները իրենի՛ց են վրեժ լուծելու, նույնպես կցանկանա վերահսկել բիզնեսը, դատական համակարգը և խորհրդարանը, կձգտի ունենալ «կայուն մեծամասնություն», որն իր հրահանգով միահամուռ «ճիշտ կոճակ» կսեղմի: Իսկ հետո՞․․․ Կռահեք՝ ի՞նչ կլինի: Այո, կհայտնվի ևս մեկը, որն այդ հերթական լճացումը կկանխի: Իմ ներկայացված սցենարը «Կիկոսի մահը» չէ՝ դա մեր և այլ երկրներում հասարակական կյանքի 30 տարվա դիտարկումների արդյունք է: Թերզարգացած երկրներն առայժմ գտնվում են «լճացում-հեղափոխություն (հեղաշրջում)» կրկնվող շրջափուլերի մեջ: Այդպես է շարունակվելու այնքան ժամանակ, մինչև ոչ միայն Հայաստանում, այլև բազմաթիվ այլ երկրներում իշխանավորները չհասկանան, որ կառավարման՝ լճացմանը միտված ձևն այլևս հնացել է, որ ամեն ինչ վերահսկելու ձգտումը և իշխանությամբ հարբելու հակվածությունը «վերջնահաշվարկով» ոչ մի դրական արդյունքի չի բերում ոչ մեկին, այդ թվում հենց իրենց՝ իշխանավորներին: Հայաստանում կան տասնյակ, իսկ աշխարհում՝ հարյուրավոր մարդիկ, որոնք ամենայն հարգանքով բարեկամաբար զգուշացնում են դրա մասին բոլոր իշխանավորներին և քաղաքական ուժերին: Մեր ասածները լուրջ չեն ընդունվում, դրանց մեջ ինչ-որ հետին մտքեր են փնտրում, ինչպես նաև կիրառում են «եթե ժողովուրդն ուզի-եթե ժողովուրդը չուզի» բառախաղը: Բայց կգա ժամանակ (ենթադրում եմ, մի 20-30 տարուց), երբ ազգային և միջազգային մակարդակով խաղացողները կգիտակցեն, որ այդ խորհուրդներին հետևելն իրենց ձեռնտու է: Եվ այդ ժամանակ աշխարհը կփոխվի դեպի լավը»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր