«Սահմանադրական կարգը տապալելու և ՍԴ լիազորությունները յուրացնելու հարցում եղել է հստակ նախնական պայմանավորվածություն». Ռուբեն Մելիքյանը՝ Արմեն Սարգսյանի կողմից ԱԺ ընդունած օրենքները ստորագրելու մասին
Հաստատվում է այն վարկածը, որ Սահմանադրական կարգը տապալելու ու ՍԴ լիազորությունները յուրացնելու հարցում եղել է հստակ նախնական պայմանավորվածություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում «Իրավունքի ուղի» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն է գրել՝ անդրադառնալով ՀՀ նախագահի կողմից Ազգային ժողովի ընդունած օրենսդրական այն փաթեթը ստորագրելուն, որով Սահմանադրության փոփոխությունների նախագիծը կարող է հրապարակվել ԱԺ նախագահի կողմից և ուժի մեջ մտնել՝ առանց ՀՀ նախագահի ստորագրության:
«Նախագահ Արմեն Սարգսյանը «ինքնամոռաց աշխատում է»։ Գիշերվա կեսին ստորագրել է Սահմանադրական փոփոխությունները ստորագրելու (կամ ՍԴ ուղարկելու) լիազորությունից նախագահին (այսինքն՝ ինքն իրեն) զրկելու մասին օրինագծերը, որպեսզի առավոտյան «Պաշտոնական տեղեկագրում» հրապարակեն ու ուժի մեջ մտցնեն։
Փաստորեն, հաստատվում է այն վարկածը, որ Սահմանադրական կարգը տապալելու ու ՍԴ լիազորությունները յուրացնելու հարցում եղել է հստակ նախնական պայմանավորվածություն։Այս պահին միակ չպարզաբանված հարցն այն է մնացել, թե արդյո՞ք պայմանավորվածությունը եղել է երկկողմ, թե՞ եռակողմ։ Դա էլ կպարզաբանվի մի քանի ժամից»։