ՖԻՖԱ-ն Թրամպին կոչ է արել դրսևորել հանդուրժողականություն և հարգանք
ՖԻՖԱ-ն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպի արտահայտություններին: Վերջինս հայտարարել էր, որ չի դիտելու ԱՄՆ-ի հավաքականի խաղերն այն բանից հետո, երբ ամերիկյան ֆեդերացիան խաղացողներին թույլատրեց մի ծնկի վրա կանգնել՝ ազգային օրհներգի կատարման ժամանակ:
«ՖԻՖԱ-ն նման կարևոր հարցերի քննարկման ժամանակ վճռականորեն հանդես է գալիս հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի և սթափ մտքի օգտին:
Մենք հետամուտ ենք ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման հանդեպ բացարձակ մերժողականության սկզբունքին:
Պետք է «ոչ» ասել ռասիզմին և բռնությանը», նշված է ՖԻՖԱ-ի հայտարարության մեջ:
Ավելի վաղ ամերիկյան ֆեդերացիային էր դիմել կանանց ԱՄՆի հավաքականը՝ կոչ անելով չեղարկել ծնկի գալու արգելքը: Արգելքը մտցվել էր 2017 թվականին այն բանից հետո, երբ ֆուտբոլիստուհի Մեգան Ռապինոն Թայլանդի հավաքականի հետ խաղից առաջ ծնկի էր եկել օրհներգի կատարման ժամանակ: