Այս ճանապարհը տանելու է անդառնալի կորուստների, որի ողջ պատասխանատվությունը կրում է օրվա իշխանությունը. ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ընդդիմության քաղաքական գնահատականին իշխանությունը հերթական անգամ արձագանքում է ռեպրեսիվ մեթոդներով։
Հատկապես հիմա, երբ, երկիրը կանգնած է ներքին ու արտաքին լրջագույն սպառնալիքների առաջ, որոնք արդյունք են նաեւ իշխանությունների ապաշնորհ կառավարման, առավել ցայտուն է դառնում մեկ անձի բռնատիրություն հաստատելու անթաքույց ձգտումը:
Եվս մեկ անգամ, պահանջում ենք իշխանություններից վերադառնալ քաղաքական պայքարի դաշտ: Հակառակ դեպքում, այս ճանապարհն անխուսափելիորեն տանելու է երկրում ապակայունացման խորացմանը եւ անդառնալի կորուստների, որի ողջ պատասխանատվությունը կրում է օրվա իշխանությունը»։