211652_close_icon

Մարզային հիվանդանոցները դեռ պատրաստ չեն կորոնավիրուսով վարակված հիվանդների ընդունելուն․ «Ժողովուրդ»

views-count906 դիտում article-date 09:25 10-06-2020
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Առողջապահության նախարարությունը հայտնում են, որ կորոնավիրուսի դեմ պայքարին միանում են նաև մարզային հիվանդանոցները, և վերապրոֆիլացումից հետո այնտեղ կկարողանան ընդունել կորոնավիրուսով վարակվածներին: Ընդ որում, նշվում էին կարճ ժամկետներ՝ ասելով, թե երկու-երեք օրում այդ հիվանդանոցները պատրաստ կլինեն կորոնավիրուսի դեմ պայքարին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնեց, թե վարչապետի կողմից նշված մարզային Մարտունի, Դիլիջանի, Սպիտակի և Վեդու բժշկական կենտրոններում համապատասխան աշխատանքները շարունակվում են: Մամուլի խոսնակը նաև դժվարացավ ժամկետներ նշել, թե, ի վերջո, երբ այդ հիվանդանոցները պատրաստ կլինեն: Ինչպես հայտնի է, և ինչպես նշել էր Փաշինյանը, շուրջ 200 կորոնավիրուսով վարակված անձ սպասում է իր հոսպիտալացման հերթին, և ուրեմն ստացվում է՝ նոր մահճակալների և հիվանդանոցների կարիքը պետք է օր առաջ լրացնել: Սակայն, ինչպես արդեն հայտնեց մամուլի խոսնակը, դեռ հստակ ժամկետներ չկան: Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հատկապես մարզային հիվանդանոցներում վերապրոֆիլացումը խնդիրների է հանգեցնում, և հնարավոր չէ 2-3 օրում դրանք արագ կազմակերպել, և անգամ նշվում է, որ դրանք պատրաստ կլինեն հիվանդ ընդունել միայն 20-30 օր հետո: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է զրուցել տվյալ բուժհաստատությունների տնօրենների հետ, սակայն նրանք մշտապես զբաղված էին այդ աշխատանքներով, իսկ ներկայացուցիչներն էլ մեզ հետ զրույցում նշում էին, թե քննարկումներն ու այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Ինչևէ, փորձեցինք ոլորտի մասնագետ, առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանից պարզել՝ ինչ է պետք հիվանդանոցները վերապրոֆիլացնելու համար, և արդյոք ուշացած չէր այն հիմա իրականացնելը: «Այո, կարելի է նախապատրաստել, այնքան էլ բարդ գործընթաց չէ: Հիվանդանոցներում հիմնականում պետք է հոսքերի տարանջատման խնդիր լինի, քանի որ այլ հիվանդներ են ընդունվում: Պետք է համապատասխան ախտորոշման և ախտահանման համար ստորաբաժանումներ ստեղծվեն, արտահագուստներ տրամադրվեն, շնչառական սարքավորումների տրամադրում, նաև մոնիտորներ»,- նշեց նա: Մկրտչյանն ամեն դեպքում նկատեց, որ սա պետք է վաղուց արվեր, և ընդգծեց, որ վերապրոֆիլացումը կախված է նաև հիվանդանոցների մեկնարկային վիճակից: Հավելենք, որ այս հարցում պետք է հիվանդանոցներին օգնի Առողջապահության նախարարությունը, սակայն ժամկետները դեռ հայտնի չեն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր