211652_close_icon
views-count748 դիտում article-date 09:01 06-06-2020

Թափուր բարձր պաշտոններ. ե՞րբ կլինեն նոր նշանակումները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երկար ժամանակ է՝ ինչ մի քանի բարձր պաշտոններ թափուր են մնացել, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծես չի էլ շտապում նոր նշանակումներ անել: Արդեն մեկ ամիս է՝ Շրջակա միջավայրի նախարարությունը մնացել է առանց ղեկավարի: Մայիսի 5-ին այդ պաշտոնից ազատման դիմում ներկայացրեց Էրիկ Գրիգորյանը: Եվ այստեղ ուշագրավն այն է, որ խախտվել են նոր նախարար ներկայացնելու ժամկետները։ Բանն այն է, որ «Կառավարության կառուցվածքի գործունեության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ կառավարության անդամի փոփոխության դեպքում վարչապետը պետք է ներկայացնի կառավարության նոր անդամի թեկնածու։ Իսկ նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ «եթե կառավարության նոր անդամի թեկնածուն միաժամանակ չի ներկայացվում, ապա վարչապետը կառավարության նոր անդամի թեկնածուին Հանրապետության նախագահին է ներկայացնում 15-օրյա ժամկետում»: Եվ ինչպես արդեն նշեցինք, Էրիկ Գրիգորյանի դիմումից հետո անցել է մեկ ամիս ժամանակ, սակայն նոր նշանակում այդպես էլ չի արվել։ Մայիսի 14-ին հրաժարական էր ներկայացրել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը, որի տեղը ևս թափուր է. նրա դիմումը դեռ չի էլ հաստատվել, գործընթացն առկախված է: Դե իսկ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնն արդեն չորս ամիս է՝ ինչ թափուր է: Կոմիտեի ներսում աշխատողները նոր ղեկավար ունենալու հույս անգամ չունեն: «Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի մամուլի խոսնակից հետաքրքրվեց` երբ կարող են նշանակումներ լինել: Ի պատասխան՝ Մանե Գևորգյանը ժամկետներ չնշեց՝ ասելով, թե որոշումների դեպքում կտեղեկացնեն այդ մասին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր