211652_close_icon
views-count2978 դիտում article-date 15:14 03-06-2020

Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում Արցախում նախատեսում են կամավորների հավաքագրել

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նորանշանակ նախարար Սամվել Շահրամանյանին խնդրել է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար իրականացվող միջոցառումների շրջանակում հասարակական սեկտորի հետ հավաքագրել կամավորների մեծ խումբ։ Այս մասին Հարությունյանն ասաց ուղիղ եթերի ժամանակ։ «Այսօր առավոտյան հրավիրել եմ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նորանշանակ նախարարին և խնդրել եմ մեր հասարակական սեկտորի հետ հավաքագրել կամավորների մեծ խումբ, որոնք պետք է աշխատեն հասարակության հետ։ Ես կոչ եմ անում մեր երիտասարդական կազմակերպություններին, որոնք հերթագրվում են պետական բյուջեից աջակցություն ստանալու համար՝ մասնակցել այս պայքարին»,- նշեց ԱՀ նախագահը։ Նրա խոսքով՝ այդ կամավորները Արցախի քաղաքացիներին պետք է բաժանեն տեղեկատվական թերթիկներ, որտեղ գրված կլինեն այն պահանջներն ու պայմանները, որոնք յուրաքանչյուրը պետք է իրականացնի ամեն օր։ Արայիկ Հարությունյանը նկատեց, որ բոլորը պետք է պահպանեն հակահամաճարակային կանոնները՝ պահպանեն սոցիալական հեռավորությունը, անձնական շփումը նվազեցնեն։ «Մեր նպատակը տույժերն ու տուգանքները չեն, այս փուլում մեր անելիքները պետք է լինեն հանրային գիտակցության աստիճանի բարձրացման ուղղությամբ։ Սա միայն նախագահի կամ արտակարգ իրավիճակի պարետի խնդիրը չէ, այլ ցանկացած քաղաքացու։ Բոլորս պետք է պագտասխանատվություն կրենք մեր բարեկամի, հարազատի, հայրենակցի առողջության համար։ Կորոնավիրուսը չպետք է դառնա ազգային սպառնալիք»,- ասաց Արցախի նախագահը։ Մինչ այսօր Արցախում ծանր, ինչպես նաև մահացության դեպքեր չեն եղել։ Արցախում հունիսի 3-ի ժամը 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 57 դեպք, որոնցից 26-ը բուժված: Արցախում ընդհանուր առմամբ թեստավորվել է 984 մարդ, կա 98 մեկուսացված անձ։

Նմանատիպ նյութեր