211652_close_icon
views-count3471 դիտում article-date 10:52 28-05-2020

Նախարարը որտեղի՞ց է ժամանակ գտնում սոցցանցերում ծավալվող լեզվակռվի համար․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վերջին օրերին Հայաստանում իշխանությունները և պաշտոնական տեսակետը ներկայացնող լրատվամիջոցները խոսում են աշխարհում կորոնավիրուսի տարածման «երկրորդ ալիքի մասին»: Ինչ խոսք, այժմ ոչ ոք չի կարող ասել, որ երկրորդ (երրորդ, չորրորդ) ալիք չի լինելու: Բայց այս պահին մեր իշխանությունների նման պնդումները նման են ինքնաարդարացման՝ ամբողջ աշխարհում դեպքերը շատանում են, մեզ մոտ էլ են շատանում: Մինչդեռ, օրինակ, Արևմտյան Եվրոպայում, ինչպես նաև մեր հարևանների մոտ, հակառակը, նկատվում է դրական դինամիկա, և այդ ֆոնին նաև հանվում են որոշ սահմանափակումներ: Իսկ Հայաստանում դինամիկան բացասական է, և դա, մասնավորապես, նշանակում է, որ ամառային ամիսներին մեզ՝ Հայաստանի քաղաքացիներիս, թույլ չեն տա արձակուրդ գնալ Եվրոպա կամ անգամ Վրաստան, որովհետև մենք ներկայացնում ենք «խիստ վարակակիր» մի երկիր: Իհարկե, դա ամենամեծ ողբերգությունը չէ՝ կարելի է մի տարի ընդհանրապես արձակուրդ չգնալ: Բայց ճիշտ կլիներ, հավանաբար, արձանագրել, որ Հայաստանում եղել է կորոնավիրուսի մեկ ալիք, որն առայժմ ահագնանում է: Քանի որ այդ ալիքի ազդեցության տակ առողջապահության համակարգն արդեն իսկ չի կարող ընդունել բոլոր վարակվածներին, պետք է միանշանակ հստակություն մտցնել «հիվանդների սորտավորում» հասկացության մեջ: Հաշվի առնելով, որ մի կողմից հիվանդների թիվն ամեն օր 300-400-ով ավելանում է, իսկ մյուս կողմից՝ մեր ժողովուրդը տասնամյակների ընթացքում եկել է այն համոզմունքի, որ «ամեն ինչ փողով ու ծանոթով է», անհրաժեշտ է խիստ չափանիշներ սահմանել. 1/ ում են հոսպիտալացնում, ում՝ ոչ, 2/ ում են թեստավորում, ում՝ ոչ, 3/ ում են մեկուսացնում և ով է ինքնամեկուսանում: Այսօր արդեն բազմաթիվ են բողոքները, որ կորոնավիրուսի թեսթով դրական պատասխան ունեցող մարդուն թողել են տանը՝ բացարձակ առանց ուշադրության, անգամ այն դեպքում, երբ նա բարձր տաքություն ունի, կամ եթե անգամ մարդը հայտնվել է հիվանդանոցում, նրան բուժօգնություն չի ցուցաբերվում, որ վարակվածների ընտանիքի անդամներին չեն թեստավորում և այլն: Մոտակա շաբաթների ընթացքում այդ բողոքները շատանալու են: Պարզ է, որ մեր առողջապահական համակարգի հնարավորություններն անսահմանափակ չեն: Պարզապես պետք է հասարակությանն ազնվորեն ցույց տալ այդ սահմանները: Ու ևս մի մասնավոր դիտարկում: Ժամանակին, երբ Արմեն Աշոտյանը ԿԳ նախարար էր և ժամանակ առ ժամանակ ֆեյսբուքում «ստատուսներ» էր գրում, մենք զարմանում էինք՝ այդ ծանր ոլորտի պատասխանատուն որտեղի՞ց է ժամանակ գտնում սոցցանցերում ծավալվող լեզվակռվի համար: Հիմա, առավել ևս, կարելի է նույն հարցը տալ առողջապահության նախարարին»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր