211652_close_icon
views-count2135 դիտում article-date 10:37 14-09-2019

Որտեղի՞ց է գալիս ատելության մշակույթը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Չորեքշաբթի օրը` սեպտեմբերի 11-ին, Շենգավիթի դատարանի մոտ Քոչարյանի երկրպագուների ու հակառակորդների ընդհարումից հետո, Երկրորդ նախագահի կողմնակիցներից շատերը բողոքեցին ատելության և չարության մթնոլորտից: Իսկապես անհրաժեշտ է բոլորի, այդ թվում՝ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվողների նկատմամբ պահպանել մարդկային վերաբերմունք, և ինձ համար բացարձակապես ընդունելի չէ որևէ մարդու երեխաներին և թոռներին անիծելը: Ոչ միայն ընդունելի չէ՝ խիստ դատապարտելի է: Բայց Քոչարյանը սովորական ամբաստանյալ չէ՝ նա 10 տարվա ընթացքում Հայաստանի առաջին դեմքն էր, և շատ բանով նրանից էր կախված՝ արդյո՞ք հասարակական մթնոլորտը կլինի բարի և հանդուրժող, թե՞ հակառակը: Թող նախկին նախագահի կողմնակիցներն անկեղծորեն պատասխանեն՝ արդյո՞ք նախկին նախագահը հանդուրժող էր իր ընդդիմախոսների և ազատ խոսքի նկատմամբ, արդյո՞ք նրա իշխանության օրոք քաղաքական հակառակորդները չէին հետապնդվում (ոչ միայն «մարտի 1-ի» ժամանակ), արդյո՞ք վարչական և «իրավական» լծակներ օգտագործելով, մարդկանց չէին վախեցնում և ահաբեկում իրենց քաղաքական հայացքների համար: Արդյո՞ք այդ 10 տարիների ընթացքում բարի էր ու հանդուրժող քոչարյանական «Հայլուրը»: Եվ, վերջապես, Քոչարյանի երկրպագուները պետք է հիշեն, որ իրենց «պաշտպանյալը» Սանտա Կլաուսը չի՝ նա մի անձնավորություն է, որն իր զվարճանքի, հաճույքի համար կենդանիներ է սպանում, իսկ հետո իր սպանած կենդանու լեշը հեծած հպարտորեն լուսանկարվում է: Բայց այդ ամենը, կրկնեմ, անեծքների և ատելության առիթ չպիտի դառնա: Ես գիտեմ, որ Քոչարյանի նկատմամբ դրական կամ բացասական բուռն էմոցիաներով լցված խմբերը բանի տեղ չեն դնի իմ առաջարկը, բայց ես, այնուամենայնիվ, առաջարկեմ: Հարգելի քաղաքացիներ, շատ բնական է, որ դուք գալիս եք դատարանի մոտ ու ձեր կուռքի կամ ձեր հակահերոսի հանդեպ վերաբերմունք եք արտահայտում՝ աշխարհի բազմաթիվ երկրներում մենք ականատես ենք նման տեսարանի, երբ դատավարության ժամանակ մի մասը պահանջում է ամբաստանյալին ազատել, իսկ մյուսը՝ գնդակահարել: Բայց հնարավոր չէ՞ արդյոք, որ դուք, ծայրահեղ հակառակ զգացմունքներ ունենալով Երկրորդ նախագահի հանդեպ, փորձեք այդ զգացմունքները չտարածել իրար վրա: Աշխատեք իրար հետ կոնտակտի մեջ չմտնել, զբաղվեք ձեր սիրո և ատելության առարկայով, ոչ թե միմյանց բարոյական կերպարով, ծախված-չծախված լինելով: (Ոստիկանությունն էլ, կարծում եմ, պետք է որոշակի տարածություն ապահովի այս երկու խմբերի միջև՝ թույլ չտալով, որ նրանք բախվեն): Այսօր Քոչարյանի նստել-չնստելը Հայաստանի կարևորագույն խնդիրն է թվում, բայց մեկ-երկու տարուց այս բոլոր կրքերը կմոռացվեն: Կմնա իրար ատելու և իրար չհանդուրժելու մշակույթը: Որի ձևավորմանն, իմ կարծիքով, մեծապես նպաստել է Երկրորդ նախագահը»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր