211652_close_icon
views-count5518 դիտում article-date 10:26 18-07-2026

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Volkswagen Tuareg»-ը «Չայնիի» ոլորաններում մոտ 250 մետր գլորվելով բախվել է քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորում. վարորդի մարմինը փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հուլիսի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Ազատ Թ.-ն իր վարած «Volkswagen Tuareg» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և մոտ 250 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, ում մարմինը ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս։

Փրկարարները մեծ դժվարությամբ կարողացել են մարմինը մոտեցնել դիատարին։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արսեն Սարգսյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Գոռ Դավթյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան պետք է դուրս բերվի և տեղափոխվի ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր