127123 դիտում
10:27 15-05-2020
Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. գայլերը հոշոտել են 122 ոչխար ու գառ, 30-ից ավելիին էլ վնասել են. ընտանիքի հույսը կառավարությունն ու մարզպետն են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Նորակերտ գյուղի բնակիչ՝ 43-ամյա Վարդան Մելիքյանը հերթական անգամ գառներին սար տանելու նպատակով ականատես է լինում դաժան դեպքի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գայլերը հոշոտել են նրա ապրուստի միջոց գառներին ու ոչխարներին, ինչի հետևանքով 122 գառ ու ոչխար սատկել են, 30-ից ավելին էլ վնասվածքներ է ստացել, որոնց մի մասը չեն ապրի։
Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Չգիտենք՝ ում դիմենք՝ Գեղարքունիքի մարզպետի՞ն, թե՞ կառավարությանը։ Էս ընտանիքը վարկ էր վերցրել ու սրանով էին զբաղվում։ Հիմա փաստի առաջ են կանգնել։ Ուզում ենք հավատանք, որ մարզպետարանն ու կառավարությունն անօգնական չեն թողնի Վարդանին։ Ընտանիքի անդամներն առավոտից իրիկուն հողի հետ կենաց-մահու պայքար են տվել, զբաղվել են անասնապահությամբ։ Հիմա տարվա վերջ պետք է էղածը վայելեր, եկամուտը վաճառեր, նախ վարկերը մուծեր, իսկ մի քանի կոպեկ էլ դներ տան վրա, իսկ հիմա ընտանիքի անդամները փաստի առաջ են կանգնել»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տուժած քաղաքացուն այցելել է գյուղապետ Գերասիմ Սարգսյանը, Վարդենիսի տարածաշրջանի համաճարակաբան Ատոմ Վարդանյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Նահապետ Մկրտչյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Սննդամթերքի անվտանգության տեսչության ծառայողները՝ գլխավոր տեսուչ Կորյուն Բարսեղյանի գլխավորությամբ, սակայն մարզպետարանից «ոչ գվվում են, ոչ բվվում են», ասես ջայլամի քաղաքականություն են ընտրել։
Գյուղացիները նաև ասում էին. «Եթե նշված անձինք օպերատիվորեն այցելեցին, ապա մարզպետարանից մեր հեռախոսազանգին ասում են, թե նկարներով տեսել ենք, ինչ վիճակա ա, այսինքն՝ մարզպետարանի աշխատակիցները մարզպետ Գնել Սանոսյանի գլխավորությամբ չեն բարեհաճում ժամանեն, տեղում իրավիճակին ծանոթանան, ու ստացվում է՝ հեռախոսով ուղարկած նկարներով կարող են եզրակացության հանգել։
Մեր ուզածը շատ բան չէ, գոնե մարզպետարանը 50 տոկոս օգնության ձեռք մեկնի, մնացածը մենք էլի, ոնց քրտինքով աշխատել ենք ու վաստակել, այդպես էլ կշարունակենք»։
Քիչ առաջ գյուղապետը հեռախոսով հերթական անգամ կապ հաստատեց մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի հետ, ով տեղեկացրեց, որ գալիս են նշված վայր։
Կարծես թե, սայլը տեղից շարժվում է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2128 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)