211652_close_icon

200 մլն դրամի դրամաշնորհ կհատկացվի գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման համար

views-count2948 դիտում article-date 15:34 14-05-2020
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց 200 մլն դրամի դրամաշնորհ տրամադրել ՀՀ բարձրադիր գոտիներում գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքների ֆինանսավորման նպատակով: Ըստ այդ, 150 մլն դրամը կտրվի «Հայանտառ» ՊՈԱԿ-ին, 25 մլն դրամը՝ «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին, և 25 մլն դրամը՝ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 642-Լ որոշման ընդունմամբ պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ 2020թ. Պետական բյուջեում կատարել վերաբաշխում՝ ապահովելով նոր կորոնավիրուսի հետևանքով ստեղծված տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմման ուղղված ՀՀ բարձրադիր գոտիներում գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքների ֆինանսավորումը։ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տանհինգերորդ միջոցառման նպատակն է կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած բնակչությանը ծառատնկման աշխատանքներ կատարելու դիմաց վճարի տրամադրումը։ Առաջարկվում է ՀՀ բարձրադիր գոտիներում ուռենու տեղական տեսակների կտրոնների միջոցով գետերի հովիտներում հիմնել ափապաշտպան անտառաշերտեր՝ աշխատանքներում լայնորեն ներգրավելով տեղական բնակչությանը և այդպիսով ստեղծելով լրացուցիչ աշխատատեղեր մեղմել բնակչության եկամուտների կրճատման հետ կապված վտանգները։ Աշխատանքները ներառում են ծառատնկման ենթակա գետերի համար քարտեզագրված հատվածներում տեղում աճող տեղական տեսակների ուռենու կտրոնների պատրաստման և տնկման, ինչպես նաև ցանկապատման աշխատանքներ։ Միջոցառման շահառու են Հայաստանի Հանրապետության այն բնակիչները, որոնք կմասնակցեն, շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպվող գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներին։ Աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը կազմում է 200,000.0 հազար դրամ։ Ծառատնկման աշխատանքներին մասնակցած բնակիչներին կտրամադրվի 50 դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար։ Ավելի քան 50 գետի և գետակի առափնյա հատվածներում ծառատնկման աշխատանքներին նախատեսվում է ներգրավել 1000 բնակիչ՝ 2 մլն․ կտրոն տնկելու նպատակով։ Աշխատանքներն ամբողջությամբ կհամակարգվեն Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և վերոնշյալ հիմնադրամների կողմից։ Բնակչությունը կներգրավվի նաև ցանկապատման աշխատանքներին։

Նմանատիպ նյութեր