211652_close_icon
views-count4348 դիտում article-date 13:34 25-04-2020

Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել Մեծ եղեռնի տարելիցին նվիրված միջոցառուների աջակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օժանդակել են Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելու հարցում: Քաղաքապետն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում: «Արտասովոր պայմաններում նշեցինք Մեծ եղեռնի 105-րդ տարելիցը։ Հիշատակի արարողություններն ամփոփվեցին 10-ժամյա բացառիկ համերգով Ծիծեռնակաբերդի բարձունքից։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ անհատներին, կազմակերպություններին, գերատեսչություններին՝ ամեն ինչ հավուր պատշաճի բարձր մակարդակի վրա անցկացնելու համար»,-նշել է նա: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նաև մեր հայրենակիցներին, որոնք իրենց վիրտուալ ներկայությամբ մասնակցել են սուրբ նահատակների հիշատակի ոգեկոչմանը։ «Ուժեղ ենք միասին»,-եզրափակել է Մարությանը: Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ապրիլի 23-24-ին Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներ են անցկացվել, որոնք եզրափակվել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ապրիլի 24-ին իրականացված գեղարվեստական ծրագրով: Համերգին հանդես են եկել հանրապետության լավագույն մենակատարները՝ Նարեկ Հախնազարյանը, Լիանա Ալեքսանյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Հայկ Մելիքյանը, Վահագն Հայրապետյանը և այլք: Ելնելով արտակարգ իրադրության թելադրած պայմաններից՝ հանրապետության երաժշտական կազմակերպությունները ներկայացել են փոքր խմբերով։ Համերգային երեկոյին ելույթ են ունեցել նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի պետական կամերային նվագախմբերի գործիքային անսամբլները, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչները, Հայաստանի պետական կամերային, Երևանի պետական կամերային, «Հովեր» պետական կամերային երգչախմբերի վոկալ անսամբլներն ու մենակատարները։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր